HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերբեռնված բեռնատարները վնասում են Եղեգնավան-Այգավան նոր ասֆալտապատված ճանապարհը

Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան-Եղեգնավան բնակավայրերն իրար կապող 2.9 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականի հունիս ամսին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ասֆալտապատումը կատարել է «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն։

Սակայն տեղական նշանակության այս ճանապարհն արդեն փչանում է անցնող բեռնատարների պատճառով։

Մեքենաների գերբեռնվածության հետեւանքով ասֆալտի վրա, ըստ բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանի, արդեն իսկ կան տեսանելի դեֆորմացիաներ։

2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենալ՝ կանխելու գերբեռնված մեքենաների շարժը։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես շեշտել էր. «Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք: Պրոբլեմը առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը: Հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում»:

Հայտարարությունից հետո շարժական կշեռքներով ճանապարհներին ստուգումներ էին իրականացվում։

Եղեգնավան բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանի խոսքով, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը երկու անգամ ստուգումներ է իրականացրել, իրենց հետ բերել են շարժական կշեռք, կշռել մեքենաները, գերբեռնվածների պարագայում՝ տուգանել, բայց տեսչության աշխատակիցների հեռանալուց հետո նույնը շարունակվել է։

«Մեզ ասում են՝ չունենք էդքան ֆինանսական միջոցներ, որ ամեն օր ստուգումներ անենք, բայց դե նոր վերանորոգած ճանապարհն էլ է ափսոս»,- ասում է Դավիթ Մեհրաբյանը։

Բնակավայրի տարածքում 2010 թվականից ավազի հանք է շահագործվում։

Դավիթ Մեհրաբյանը նշում է, որ հանքից բնակիչներն ու բնակավայրի ղեկավարությունը ոչ մի պահանջ չունեն։ Հանքը պատշաճ վճարում է վարձակալած հողերի վարձը։ 

«Բեռնատարների վարորդները վճարում են գույքահարկ, հանքն իր վճարումները պատշաճ կատարում է ու վարորդներն էլ իրավունք ունեն երթևեկելու, մարդ ա, հարկ ա վճարում, պիտի վարի, բնականաբար, մեզ ասում են՝ հո օդով չե՞նք գնալու։ Ու ոչ մի օրենք իսկապես իրանց չի արգելում վարել, ուղղակի էստեղ խնդիրն էն է, թե ինչքան է բեռնված, եթե կշեռք դրված լիներ, չէին թողնի սահմանված քանակից ավելի բեռնված լինեին մեքենաները»,-ասում է նա:

Մենք այցելել ենք նաև բնակավայրի այն հատված, որտեղ շահագործվում է հանքը։ Հանքի ներկայացուցիչներից, տնօրինությունից ոչ ոք տեղում չէր, բայց վարորդները պատասխանեցին մեր հարցրերին։

«Գույքահարկ ենք մուծում, բնականաբար, ավելի բարձր, քան մարդատար մեքենաները, ունենք վարելու իրավունք ցանկացած ճանապարհով, թող արգելեն, նորը կառուցեն, ուրիշ ճանապարհով կգնանք, մենք էլ սենց ենք մեր տունը պահում»,- նշեց բեռնատարներից մեկի վարորդը, որը չցանկացավ ներկայանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter