HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ պաշտոնյա. «Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները զգուշավոր են ու պահպանողական ներդրումների հարցում»

ԿԲ-ն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում կենսաթոշակային կուտակվող գումարների մի մասը կարող է ներդրվել հայաստանյան ընկերություններում և նախագծերում։ Որոշ փորձագետների այստեղ էական ռիսկեր են տեսնում, մասնավորապես՝ դրանց արդյունավետ կառավարման հարցում։ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ «Հետք»-ը զրուցել է այդ ռիսկերի և սպասվող փոփոխությունների մասին։ 

-Առաջարկվում է ֆոնդերին թույլ տալ ապագա կենսաթոշակառուների  գումարների մինչև 35%-ը ներդնել բաժնային արժեթղթերում, մինչդեռ այսօր այս սահմանաչափը 25% է և հիմնականում ներդրվում է արտասահմանում։ Այսինքն՝ այս փոփոխության արդյունքում  10%-ն էլ կարող է ներդրվել Հայաստանում։ Միևնույն ժամանակ, կենսաթոշակային ֆոնդերին հնարավորություն տալ առանց միջնորդ ֆոնդերի ու բորսաների ուղղակիորեն ներդրումներ անել այս կամ այն ընկերությունում ու նախագծում։  Սակայն, Հայաստանի ֆոնդային բորսայի տվյալները ցույց են տալիս, որ կապիտալի շուկան Հայաստանում ցածր մակարդակում է, և բորսայում ցուցակված ընկերությունները բավականին պասիվ են։ Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանում կա՞ն այնպիսի նախագծեր կամ ընկերություններ, որոնցում կարելի է ներդնել կենսաթոշակային գումարները։ ԿԲ-ն ունի՞ վերլուծություն, թե որ ոլորտներում են դրանք։

- Հստակ ընկերություններ և նախագծեր նշել չենք կարող, բայց դրանք կարող են լինել ինչպես ենթակառուցվածքային նախագծեր, այնպես էլ մասնավոր ընկերություններ տարբեր ոլորտներում ՝ վերականգնվող էներգետիկա, հեռահաղորդակցություն, ճանապարհաշինություն և այլն։

Քանի որ գործող օրենսդրությամբ այս ներդրումները թույլատրված չեն, այս թեման առանձնապես առարկայական չի դարձել նախկինում։  Այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում իրական հատվածի հետ այդ երկխոսությունը սկսել։ Ընդ որում՝ կենսաթոշակային ֆոնդերի կողմից այդպիսի նախագծերում ներդրումներ կատարելու սխեմաները բազմազան են, որոնք աշխարհում կիրառվում են։ Սակայն, Հայաստանում գործող օրենքը նախատեսում է դրանցից միայն մեկ ձև՝ այլ ֆոնդերի  միջոցով ներդրումները։ Այս փոփոխությամբ այդ խնդիրն է լուծվում։

Ինչ վերաբվում է, թե ինչ սխեմայով և որտեղ կարող են կատարվել ներդրումները, դրանք կառավարիչների կողմից պրոֆեսիոնալ որոշումների արդյունք պետք է լինեն։ Եվ, բնականաբար, այդ բոլոր ներդրումները պետք է բավարարեն կառավարիչների կողմից սահմանված ռիսկերի կառավարման չափանիշներին։ Շեշտեմ, որ այդ ներդրումները կատարվելու են ֆոնդի ակտիվների առավելագույնը 10%-ի չափով։ 

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է թույլ տալ ուղղակի ներդրումներ կատարել այնպիսի ընկերություններում կամ նախագծերում, որոնք պարտադիր չէ գրանցված լինեն բորսայում, սակայն, բորսայում գրանցվելու համար ընկերությունները ստիպված են լինում ենթարկվել  համընդհանուր հսկողության, ֆինանսական կարգապահության ու թափանցիկության, բայց այս փոփոխության արդյունքում այդ կանոնները այդքան խիստ չեն լինում։ Արդյոք ավելի ռիսկայի՞ն չէ ապագա կենսաթոշակառուների փողերը նման ընկերություններում ներդնելը։

 - Միանշանակ,  ուղղակի ներդրումները ունեն և առավելություններ, և ռիսկեր։ Եթե առավելությունների մասին խոսենք, ապա այդպիսի ներդրումները կարող են բարձր եկամուտներ ապահովել։ Օրինակ, արագ աճող կամ հեռանկարային ընկերություններում և նախագծերում ներդրումների դեպքում։ Բացի այդ,  ինչպես արդեն նշեցի, ֆինանսավորման գործիքների շրաջանակն է ավելանում։ Այսինքն՝ այս իմաստով ճկունությունն ավելի է աճում այդ ֆոնդերի կառավարման տեսանկյունից։ Նաև դիվերսիֆիկացիայի տեսանկյունից է կարևոր, և այպիսի ներդրումները ավելի կայուն են։ 

Բայց, մեդալի մյուս կողմում ռիսկերն են։ Մասնավորապես, կան իրացվելիության ռիսկեր, քանի որ այս գործիքների համար կազմակերպված շուկա չկա և հնարավոր չէ ցանկացած պահի ազատորեն վաճառել։ Դա նշակում է, որ այդ գործիքների գնահատումն էլ է այլ կերպ լինելու, քանի որ եթե չկա կազմակերպված շուկա, չկա նաև միշտ հասանելի շուկայական գին։ Նաև դրա համար պահանջվում են այլ կարողություններ, քան անհրաժեշտ է հրապարակայնորեն շրջանառվող ստանադարտ գործիքներով ներդրումներ իրականացնելու համար։ 

Եթե օրենքով այս հնարավորությունը տրվի, բնականաբար կառավարիչները այդ կարողությունները ստեղծելու են։ Այդ թվում՝ ներգրավելու են իրենց մայր ընկերությունների կարողությունները։ Այդպիսի ներդրումները բնորոշ են աշխարհում կենսաթոշակային ֆոնդերին։ Կառավարիչները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն այդ ռիսկերը։ 

- Այսինքն՝ այստեղ հույսը դրվում է կառավարիչների պորֆեսիոնալության կամ բարեխղճությա՞ն վրա, թե՞ ԿԲ-ն ևս պահանջներ է սահմանելու։

- Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները զգուշավոր են ու պահպանողական ներդրումների հարցում։ Այնուամենայնիվ, օրենքի փոփոխությամբ ԿԲ-ն էլ կունենա իրավասություն՝ սահմանել պահանջներ այդպիսի ներդրումների համար։

Կոնկրետ նախանշված կետեր չկան, քանի որ օրենքի համաձայն դրանք պետք է սահմանվեն ԿԲ նորմատիվ ակտերով։ Պահանջները կարող են տարբեր լինել՝ կախված  սխեմաներից։ Այդ պահանջները սահմանվելու են, որպեսզի այդ ներդրումների հետ կապված ռիսկերը հասցվեն նվազագույնի և ողջամիտի։

Ամեն դեպքում ռիսկերի կառավարումը միայն կարգավորողի պահանջներից չի կախված, այլև՝ կառավարիչների ռիսկերի կառավարման համակարգից, որը շատ ավելի մանրամասն կարգավորում է այդ հարցը։ Կառավարիչները իրենց որոշումների համար իրենք են կրում պատասխանատվությունը։

Ցանկացած դեպքում դրանք պորֆոսիոնալ որոշումներ են։ Ինչպես մյուս ֆինանսական կազմակերպություններն են իրենց որոշումները կայացնում ներդրումներ իրականացնելիս, այնպես էլ  կառավարիչները։

- Ըստ Ձեզ՝ այս փոփոխությունների արդյունքում Հայաստանում կապիտալի շուկան կարո՞ղ է զարգանալ։

- Ուղղակորեն չեմ կապի մեկը մյուսի հետ, բայց կարող է նպաստել։ Եթե այնպիսի ներդրումներ լինեն, որոնք նպաստեն, որ ընկերություններն աճեն ու դուրս գան կապիտալի շուկա, ապա, այո, չի բացառվում, որ հանգեցնի կապիտալի շուկայի աշխուժացմանը։

- Այս նախագծով ԿԲ-ն նաև առաջարկում է թույլ տալ ֆոնդերին ներդրումներ կատարել ոչ միայն ՀՀ պետական և ԿԲ-ի կողմից թողարկած պարտատոմսերում, ինչպես այսօրվա օրենքն է սահմանում, այլև՝ համայնքների կողմից ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում։ Այլ խոսքով՝ «պարտք տալ» նաև համայնքներին։  Հայաստանի համայնքները, այդ թվում՝ Երևանը, ունե՞ն բյուջեի պատշաճ կառավարում և այնպիսի փորձ, որ կարողանան ճիշտ տնօրինել ապագա կենսաթոշակառուների գումարները։ 

- Համայնքային պարտատոմս թողարկելու հնարավորությունը հիմա էլ կա, այսինքն՝  իրավական հնարավորությունները կան։ Բնականաբար, կենսաթոշակային ֆոնդերի կողմից համայնքներում ներդրումներն անելուն պետք է նախորդեն բազմաթիվ գործընթացներ։ Բայց դա այդքան պարզ գործընթաց չէ։ Իրավական, օրենսդրական խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, ֆինանսների նախարարությունն է կարգ սահմանում, օրենքներն են փոխվում և այլն։ Դեռևս ճանապարհ ունենք այս առումով անցնելու։

- Առաջարկվում է ևս մեկ փոփոխություն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ կիրառել՝ 15%-ի փոխարեն 30%։ Այս պահին ո՞ր երկրներում են ներդրված հայաստանյան կեսնաթոշակային ֆոնդերի գումարների մի մասը։ Կա՞ն նախանշված երկրներ, որտեղ կատարվող ներդրումները առաջիկայում այս փոփոխության արդյունքում կարող են ավելանալ։ 

- Այսօր հայաստանյան կեսնաթոշակային ֆոնդների արտասահմանյան ներդրումներում ամենամեծ բասնաբաժինն ունի ամերիկյան շուկան՝ ուղղակիրորեն կամ անուղղակիորեն։ Նույնիսկ, եթե ներդրում է արվում եվրոպական երկրում գրանցված ֆոնդում, որը իր հերթին միջազգային ներդրումներ է կատարում, ապա, ամենայն հավանականությամբ, ինքն էլ իր ներդրումների մի մեծ մասնաբաժին ունի ԱՄՆ-ում։ Հաշվի առնելով ամերիկյան շուկայի չափերը, զարգացվածությունը՝ արտասահմանյան ներդրումների մի մեծ բաժին գնում է ամերիկյան շուկա։ Այս առումով՝ տրամաբանական է, որ նախևառաջ խոսքը ամերիկյան շուկայի մասին է։

- Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները մասնակցե՞լ են այս նախագծի մշակմանը, ի՞նչ դիտարկումներ ունեն։

- Նախագիծը քննարկվել է իրենց հետ և իրենց առաջարկներն էլ արտացոլված են։ Հիմնականում ներդրումների հետ կապված փոփոխությունների շուրջ են եղել քննարկումները։ Այսինքն՝ այս նախագիծը մշակվել է նաև իրենց առաջարկությունները հաշվի առնելով։

- Այս տարվա առաջին երկու եռամսյակներում հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել, ինչը անհանգստացրեց կենսաթոշակ կուտակողներին։ Հիմա ապագա կենսաթոշակառուն ունի՞ երաշխքիներ, որ այս փոփոխությունները էլ ավելի ռիսկային չեն դարձնի իր հաշիվները, ու վնասներ չի կրի։

- Բացասական եկամտաբերության պատճառների մասին բազմիցս խոսվել է։ Արդեն երրորդ եռամսյակում եկամտաբերությունը դրական է։ 

Երաշխիքների մասին՝ ամենաուղղակի երաշխիքն այն է, որ ներդրումները կատարվում են դիվերսիֆիկացիայի սկզբունքով։ Այսինքն՝ չեն կարող ուղղակիորեն ենթադրել, որ այս ամեն ինչը հանգեցնելու է ռիսկայնության աճին, հակառակը՝ կարող է և նվազեցնել ռիսկերը։ Դիվերսիֆիկացիան ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։ Եթե մի ուղղությամբ եկատմաբերությունը նվազում է, մյուսի ուղղությամբ լավ արդյունք է ապահովվում։ Այս տեսանկյունից դիվեսիֆիացիան է, որ ամենակարևոր երաշխիքն է։ Դրա արդյունքն էլ այն է, որ եթե համեմատենք շատ այլ երկրների հետ, մեզ մոտ նվազումը շատ ավելի  քիչ է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter