HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կայացել է Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի և թաղման արարողությունը

Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում կայացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը։ Նա մահացել էր օգոստոսի 30-ի երեկոյան՝ 91 տարեկան հասակում։ Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին թաղել են Նովոդևիչյան գերեզմանատանը։ 

Ինչպես երևում է Reuters գործակալության ուղիղ հեռարձակումից, մարդկանց դեպի շենք թույլ էին տալիս խմբերով։

Միությունների տան մուտքի մոտ հարյուրավոր մարդիկ սկսել էին հավաքվել հրաժեշտի արարողության մեկնարկից առաջ։ BBC-ն գրում է, որ շատերը եկել էին ծաղիկներով։ Շենքի մոտ գոյացել էին հերթեր։

Չնայած թաղման կազմակերպմամբ զբաղվում էր արարողակարգի նախագահական ծառայությունը, սա պետական թաղում չէր։ Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «այնտեղ կլինեն պետական թաղման տարրեր. պետությունը միայն կօգնի կազմակերպմամբ և կապահովի պատվո պահակախումբ»։

Интерфакс-ը, հղում անելով Горбачев-фонд-ի մամլո ծառայությանը, գրել էր, որ Սյունազարդ դահլիճում Գորբաչովի հրաժեշտի արարողությունը չորս ժամից կրճատվել է երկու ժամի։ 

Վլադիմիր Պուտինը թաղման արարողությանը չի մասնակցել։ Պատճառը, ըստ Պեսկովի, ծանրաբեռնված գրաֆիկն է։ Սեպտեմբերի 1-ին նա եղել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որպեսզի հրաժեշտ տա Գորբաչովին։

Օտարերկրյա միակ առաջնորդը, որը մասնակցել է թաղման արարողությանը, եղել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում։ 

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից Գորբաչովի հրաժեշտի արարողությանը մասնակցել է միայն Ռուսաստանի նախկին նախագահ և ներկայումս ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Սյունազարդ դահլիճում եղել են նաև Новая газета-ի գլխավոր խմբագիր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը և «Яблоко» կուսակցության նախկին առաջնորդ Գրիգորի Յավլինսկին։ 

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ նախկին ղեկավարը մահացել էր ծանր հիվանդությունից հետո։ Միխայիլ Գորբաչովն աշխարհում առավել շատ հայտնի էր որպես անձ, որը դադարեցրեց սառը պատերազմը։ Սակայն հետխորհրդային տարածաշրջանում Գորբաչովն ընկալվում էր որպես գործիչ, որը փլուզեց ԽՍՀՄ-ն և քայլեր չձեռնարկեց Միության կազմում գտնվող երկրների էթնիկ հակամարտությունների սրման կանխման ուղղությամբ։

Միխայիլ Գորբաչովը ծնվել էր 1931 թվականի մարտի 2-ին։ 1955 թվականին ավարտել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1967 թվականին ավարտել Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտի (ներկայումս Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան) հեռակա բաժինը։ ԽՄԿԿ շարքերն անցել էր 1952 թվականին, իսկ 1971 թվականին Կենտկոմի անդամ էր։ 

Գորբաչովը ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1985-1991 թվականներին՝ Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո։ 1980-ական թվականների վերջին նա դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1990-1991 թվականներին դարձել ԽՍՀՄ միակ նախագահ։ 1990 թվականին Գորբաչովը ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ՝ Արևմուտքի և ԽՍՀՄ միջև հարաբերություններում խաղաղության գործընթացի ներդրման համար։

Հայ հանրության կողմից Գորբաչովը մեղադրվում է Արցախյան առաջին պատերազմի հրահրման, ինչպես նաև` դրա հետագա չկանխարգելման մեջ։ Այդ ժամանակ Կրեմլի կողմից վարվող քաղաքականությունը նպաստեց Արցախում միջէթնիկ բախումների սրմանը և լիարժեք պատերազմի վերածմանը։ Իր վերջին հոդվածներից մեկում Գորբաչովն անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին։ 

«Ես համարում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ նրանց օգնել կայունացնել իրավիճակը, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- նշել էր Գորբաչովն իր հոդվածում։

ԽՍՀՄ նախկին առաջնորդի կարծիքով՝ հակամարտության արմատները հին են, այն ժամանակ դա չուներ հեշտ լուծում, չնայած իրեն փորձում էին համոզել, որ լուծմանը հնարավոր է հասնել սահմանների փակման ճանապարհով։ «Դրանից մենք ելնում էինք, երբ 1988 թվականի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երկրի ղեկավարությունը մեկ միասնական տեսակետ ուներ. դա անթույլատրելի է»,- նշել էր ԽՍՀՄ նախկին նախագահը։ 

Համաշխարհային առաջնորդների արձագանքը

Համաշխարհային առաջնորդներն անդրադարձել էին Գորբաչովի մահվանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գորբաչովին անվանել էր «բացառիկ առաջնորդ» և նրան նկարագրել որպես եզակի քաղաքական գործիչ, որը «ունեցել է պատկերացում, ինչն իրեն հնարավորություն էր տալիս տեսնել Սառը պատերազմի ժամանակ այլ ապագայի հնարավորությունը»։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ «մշտապես հիացել է քաջությամբ և շիտակությամբ, որը Գորբաչովը ցուցաբերել է Սառը պատերազմի խաղաղ ավարտի համար»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն էլ ասել է, որ Միխայիլ Գորբաչովը եղել է իր տեսակով միակ պետական գործիչը, որը փոխել է պատմության ընթացքը և արել ավելին, քան որևէ մեկը՝ Սառը պատերազմի խաղաղ ավարտի համար։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter