HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայ համայնքը ընդդիմությունից հույսեր չունի

Վրաստանի հայ համայնքը և ջավախքահայությունը չեզոք ու անկողմնակալ դիրքորոշում է որդեգրել Վրաստանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես մայիսի 21-ից ընթացող ընդդիմության ցույցերին: Նրանք սպասումներ չունեն ընդդիմադիրներից, քանի որ որևէ ընդդիմադիր գործիչ չի խոստացել լուծել ազգային փոքրամասնություններին, այդ թվում' հայերին հուզող հիմնախնդիրները: Վրաստանում ապրող հայերի այս դիրքորոշումը ճիշտ ու գնահատելի համարեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Չկա համայնքային կառույցների միավորված և կոլեկտիվ դիրքորոշում, և դա ճիշտ է»,- նշեց Շիրակ Թորոսյանը:

Ըստ նրա' միայն մի դեպքում վրացահայ համայնքը կարող է կոնկրետ դիրքորոշում որդեգրել և սատարել ընդդիմությանը. եթե ընդդիմադիր գործիչներն ու կուսակցությունները հայ համայնքին հուզող կարևորագույն խնդիրների վերաբերյալ կոնկրետ խոստումներ տան: Օրինակ' իշխանության գալուց հետո ճանաչել Հայոց ցեղասապնությունը կամ Վիրահայոց թեմին կարգավիճակ տալ և այլն:

Պատգամավորը նկատել է, որ Ջավախքի հայությունը նույնպես զգուշավոր դիրքորոշում է որդեգրել: Սակայն նշում է, որ դա չի նշանակում, որ հասարակական ակտիվ հատվածը պասիվ է, նրանք ուսումնասիրում են իրավիճակը, պարզապես կոնկրետ քաղաքական կոչեր չեն հնչեցնում: Շիրակ Թորոսյանի գնահատմամբ, քաղաքական իներտություն է առաջացել ազգային փոքրամասնությունների տարածքներում այն պարզ պատճառով, որ նրանց համար միևնույն է, թե ովքեր են գալիս իշխանության, իրենց վիճակը դրանից չի փոխվելու:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահն ասում է, որ ազգային փոքրամասնությունները որևէ երկրում, եթե հանդես են գալիս որպես միասնական համայնք, սովորաբար աջակցում են գործող իշխանությանը, եթե ընդդիմությունը հստակ խոստումներ չի հնչեցնում իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Հետխորհրդային ողջ ընթացքում, երբ Վրաստանում երեք իշխանություն է փոխվել' Զ. Գամսախուրդիայի, Է. Շևարդնաձեի և Մ. Սահակաշվիլու, որևէ իշխանություն երբեք կոնկրետ խոստում չի հնչեցրել ջավախքահայությանը հուզող խնդիրների վերաբերյալ:

Եթե որոշ խոստումներ եղել են, դրանք էլ չեն իրականացվել: Պատգամավորը օրինակ է բերում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Ախալքալաքից, երբ Սահակաշվիլին խոստացել էր նոր աշխատատեղեր ստեղծել և վրացական բանակի ողջ մթերքը գնել հենց Ջավախքից' տեղացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն խոստումը չի կատարել:

«Այս իշխանությունը ոչ միայն պատրաստ չէր լուծելու ջավախքահայության առջև ծառացած հիմնախնդիրները, այլև, բավական ուժեղ իշխանություն ձևավորելով, ավելի խտրական քաղաքականություն որդեգրեց ազգային փոքրամասնությունների և մասնավորապես ջավախքահայության նկատմամբ»,- եզրակացրեց Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter