HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեման առաջիկայում օրակարգում կհայտնվի նախագծի տեսքով

Մինչև այս տարեվերջ Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդման մասին նախագիծը կարող է ներկայացվել հանրությանը։ Ֆինանսների նախարարության մասնագետների սեղանին դեռևս աշխատանքային մշակվող փաստաթղթերն են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրել է ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։ Ըստ նրա՝ եթե անգամ նախագիծը մինչև տարեվերջ պատրաստ չլինի, միևնույնն է՝ գաղափարը կհանրայնացվի և կհայտնվի օրակարգում։

Եկամուտների հայտարարագրումը ենթադրում է, որ եկամուտ ստացող բոլոր քաղաքացիները պետք է որոշակի պարբերականությամբ, ամենայն հավանականությամբ՝ տարին մեկ անգամ, հայտարարագիր լրացնեն իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ ու ներկայացնեն հարկային մարմնին։  Եկամուտները հարկվելու են և պարզ չէ՝ բառացություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Փոխարենը, սոցիալական կրեդիտների համակարգն է առաջարկվելու քաղաքացիներին՝ վճարած հարկերի դիմաց օգտվել այս կամ այն ծառայություններից, օրինակ՝ առողջապահական, կրթական և այլն։

Թե Հայաստանում ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է նախատեսվում ներդնել այս համակարգը, արդյոք, օրինակ՝ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները հարկվելու՞ են, ի՞նչ է պահանջվելու քաղաքացուց և ի՞նչ առավելություններ է տալու այս համակարգը, Ֆինանսների նախարարությունը դեռևս չի մանրամասնում։ Այս հարցերի պատասխանները կտրվեն նախագիծը հանրայնացնելուց հետո։

Դեռևս չկա վերջնական որոշում, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին հաշվետու տարին կլինի 2023 թվականը։ «Դա չի նշանակում, որ հենց եկող տարվա հունվարից պետք է հայտարարագիր լրացնել, այլ 2023 թվականի եկամուտների հայտարարագրումը կլինի 2024 թվականին»,- ասում է Օրի Ալավերդյանը։ 

2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին փաստաթղթում ևս նշված է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։ Նախատեսվում է այն փուլային տարբերակով ներդնել։ 

Ամեն փուլում հասարակության տարբեր շերտեր են ներգրավվելու։ «Առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, կլինեն պետական համակարգի աշխատողները։  Մյուս երկու փուլերում արդեն օղակը կմեծանա։ Արդեն 2025 թվականի համար եկամուտները կհայտարարագրեն բոլոր եկամուտ ստացողները»,- տեղեկացրեց Օրի Ալավերդյանը։  

Ֆինանսների նախարարությունը այս համակարգի վերաբերյալ նախագիծը մշակելիս ուսումնասիրում է միջազգային փորձը՝ ինչպես են դրսում լրացնում հայտարարագիր, ինչ ծրագրեր են կիրառում։ 

Եկամուտների համընդհանուր հայտարարգրման համակարգի ներդրումը հարկային համակարգում առաջիկա երեք տարիներին սպասվող բազմաթիվ փոփոխություններից մեկն է լինելու, ինչպես շրջանառության հարկի վերացումը, միկրոձեռնակատիրության կանոնների և եկամտային հարկի մասով փոփոխությունները և այլն։ Այս ամենը դեռևս Ֆինանսների նախարարության առաջարկներն են, որոնք դեռևս պետք է ներկայացվեն հանրային քննարկման, Կառավարության և Ազգային ժողովի դատին։  

«Հայտարարագրման համակարգում քաղաքացիների եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկությունների համախմբումը թույլ կտա բարձրացնել պետության ծախսային քաղաքականությունների հասցեականությունը և արդյունավետությունը: Սոցիալական նշանակության տարբեր ծախսերի փոխհատուցմամբ Կառավարությունը կարող է նաև հասարակության (կրթական, առողջապահական) ծախսերն ուղղորդել դեպի առավել որակյալ ծառայությունները (ավելի բարձր փոխհատուցում նախատեսելով որակյալ բուհական ծառայությունների դիմաց): Սոցիալական կրեդիտների համակարգի կիրառությամբ կընդգծվի ծառայությունների առանձին ուղղություններով (օրինակ՝ առողջապահական) թափանցիկ և հաշվետու տնտեսավարողների խրախուսումը՝ նրանց ծառայությունների պահանջվածությունը բարձրացնելու եղանակով»,- նշված է 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրում։

Եկամուտների համընդհանուր հայտարարգրման թեման ներկայիս իշխանությունները սկսեցին առավել ակտիվ շոշափել 2020 թվականից, երբ վարչապետի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը։ 

Այս թեման պարբերաբար թեժանում է, հետո՝ մոռացվում։ Սակայն, այս ընթացքում դեռևս միայն գաղափարն է քննարկվել և կոնկրետ նախագծային տեսք այն չի ունեցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter