HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիզ Թրասը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կհաղթահարի էներգետիկ ճգնաժամը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիզ Թրասն իր առաջին ելույթն է ունեցել եւ մատնանշել իր կառավարության ներքին քաղաքականության հիմնարար առաջնահերթությունները։ Հանդես գալով վարչապետի նստավայրի դիմաց` նա խոստացել է նվազեցնել հարկերը, հաղթահարել էներգետիկ ճգնաժամը և բարեփոխել Առողջապահության ազգային ծառայությունը (NHS)։

Շնորհակալություն հայտնելով նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին և նրան անվանելով բավական ազդեցիկ վարչապետ՝ Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մեծացնում է ազատության, ձեռներեցության և կանոնների արդար պահպանման նկատմամբ հիմնարար հավատը։ «Եկել է ժամանակը՝ լուծելու խնդիրները, որոնք կասեցնում են Բրիտանիայի առաջընթացը»,- հայտարարել է նոր վարչապետը՝ հավելելով, որ դա հեշտ չի լինի, սակայն կհաջողեն։ 

Մինչ ելույթը Լիզ Թրասը հանդիպել էր Եղիսաբեթ II թագուհու հետ։ Հանդիպումը կայացել էր Բալմորալ ամրոցում, որը Շոտլանդիայում ամառային թագավորական նստավայրն է։ Ավելի վաղ, թագուհին ընդունել էր Բորիս Ջոնսոնի հրաժարականը, որի հեռանալու մասին հայտնի էր դարձել հուլիս ամսին։ 

Ինչպես նշել է Թրասը, նոր կառավարությունը «Մեծ Բրիտանիան կվերածի բարձր վարձատրվող աշխատանքով, անվտանգ փողոցներով և հնարավորություններով հավակնոտ երկրի, որին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի»։

Թրասի խոսքով՝ այս շաբաթ իր կառավարությունը քայլեր կձեռնարկի «էլեկտրաէներգիայի խոշոր հաշիվների դեմ», որոնք առաջացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ «Ես վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք վերապրել այս փոթորիկը։ Մենք կկարողանանք վերականգնել մեր տնտեսությունը և դառնալ ժամանակակից փայլուն Մեծ Բրիտանիա, որը, ես գիտեմ, մենք կարող ենք լինել»,- ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։

Լուսանկարը՝ SkyNews-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter