HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ

Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը։ 

Նա նշել է, որ արգելքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ռինկեվիչսի խոսքով՝ բացառություն կարվի բեռնատարների վարորդների, դիվանագետների և այն ռուսաստանցիների համար, որոնք այդ երկրներ են մեկնում ընտանեկան և մարդասիրական նպատակներով։ «Որոշումները կկայացվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- գրել է Ռինկեվիչսը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Էստոնիան, Լատվիան և Լիտվան դադարեցրել էին զբոսաշրջային վիզա տրամադրել ռուսաստանցիներին և ԵՄ անդամ մյուս երկրներին կոչ էին անում նույն կերպ շարժվել։ Էստոնիան օգոստոսին նաև արգելել էր իր կողմից տրված շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքն իր երկիր։

Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանի հետ վիզայի տրամադրման հեշտացված կարգի մասին համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցման առաջարկի տեքստը։ Նոր ռեժիմը կարող է սկսել գործել արդեն սեպտեմբերի 12-ից։

Հիմա ռուսաստանցիների համար շենգեն վիզայի գինը կարժենա 80 եվրո՝ նախկին 35-ի փոխարեն։ Վիզայի տրամադրման որոշման կայացման ժամկետը 10 օրից երկարաձգվել է 15-ի, իսկ առանձին դեպքերում այն կարող է հասնել նաև 45 օրվա։ 

«Ռուսաստանի պես երկիրը, որը վարում է ագրեսիվ պատերազմ, չպետք է վիզայի տրամադրման հեշտացված կարգի իրավունք ունենա, քանի դեռ շարունակում է իրականացնել ապակառուցողական արտաքին քաղաքականություն և ռազմական ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ՝ ցուցադրելով լիակատար արհամարհանք կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ»,- ասված էր Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Michele Ursi/Shutterstock.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter