
Բացասական կարծիք և եզրակացություն. Թեժասարի ալյումինի հանքավայրի պաշարները չեն վերագնահատի
Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Թեժասարի հանքավայրի Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման նախագծին, որը նախատեսվում էր իրականացնել 2022-2025թթ.:
Փորձաքննական հիմնավորումներում նշվում է, որ փորձաքննական գործընթացին մասնակցել են առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպարոտի նախարարությունները, Կադաստրի կոմիտեն, Կոտայքի մարզպետարանը, ինչպես նաև ՇՄՆ ստորաբաժանումները, որոնց կողմից ստացված կարծիքները ևս հաշվի են առնվել:
Նախնական գնահատման հայտի վերաբերյալ օգոստոսի 11-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունները նախատեսված գործունեության վերաբերյալ: Հիմնական մտահագությունն ու պատճառաբանությունն այն էր, որ հետագայում հանքավայրի արդյունահանման աշխատանքները կարող են ավելացնել բնապահպանական խնդիրները, որոնք պայմանավորված են հետագա աշխատանքների ազդեցություններով` փոշու առաջացում, ջրային ռեսուրսների աղտոտում, տարածքում աշխատանքների միջամտությունների արդյունքում հնարավոր ուրանի հետ կապված ազդեցություններով:
Նախնական գնահատման հայտում չի ներկայացվել Թեժասարի երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքում ուրանի և ռադիոակտվի էլեմենտների պարունակության վերաբերյալ տեղեկատվություն, ինչը նույնպես հանրային քննարկման ընթացքում բարձրաձայնվեց:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքը նույնպես օգոստոսի 11-ի գրությամբ ներկայացրել է բացասական կարծիք նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք` «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն էր հայտ ներկայացրել: Երկրաբանական ուսումնասիրության նախագծով շուրջ 92 հա տարածք էր ներառվելու ուսումնասիրության գոտում: Այն ընդգրկված էր Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում, այժմ՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքում։ Նշված հողամասերը համադրվում էին պետական սեփականություն հանդիսացող 3 միավոր հողամասերի հետ:
«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն, որը մինչև 2018թ․ ապրիլի 25-ը կոչվել է «Դայաջենիքս Կովկաս», հիմնադրվել է 2014 թվականին։ 2021թ․ նոյեմերից միակ սեփականտերը և տնօրենը Հովհաննես Գառնիկի Բարսեղյանն է։
Մեկնաբանել