HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նախատեսվում է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի մասին տեղեկատվական համակարգ

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է ստեղծել Հայաստանում բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, բնակֆոնդի (մասնավորապես՝ բնաkֆոնդի տեխնիկական վիճակի) վերաբերյալ չունենալով լիարժեք և ակտուալ տեղեկատվություն՝ խնդիրներ են առաջանում ինչպես հիմնախնդիրների կանոնակարգման ընթացակարգեր մշակելու և ներդնելու, այնպես էլ առաջնահերթությունների որոշման, բյուջետային պլանավորման, խնդիրը ներդրումային ծրագրերի շրջանակներում դիտարկելու տեսանկյունից: 

Բնակֆոնդի տեղեկատվական համակարգը ստեղծվելու է բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա։ Նախագծի հավելվածի համաձայն՝ տեղեկատվական համակարգը վարելու է քաղաքաշինության կոմիտեն և պատասխանատու է լինելու տեղեկատվության պահպանման համար։ 

Բնակֆոնդի տեղեկատվական համակարգից տեղեկություններ ստանալու իրավունք են ունենալու պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված տեղեկատվություն փնտրող անձինք։

Բնակֆոնդի տեղեկատվական համակարգում տեղեկություններ են լինելու շենքի հասցեի, կառուցման և շահագործման հանձնելու տարեթվերի, մակերեսների, մուտքերի թվի, մաշվածության աստիճանի, հիմքերի, պատերի, սյուների, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի, ինժեներական համակարգերի և բազմաթիվ այլ տարրերի մասին, որոնք նախատեսված են հավելվածով։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևանին՝ 120 բազմաբնակարան շենք, Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք: 

Առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով): Այս թվային տվյալները, սակայն, հիմնված են 2003-2006 թվականների իրականացված տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների, վերջին տարիներին կատարված հարցումների վրա և չունեն բավարար ճշտություն:

Ըստ քաղաքաշինության կոմիտեի՝ տեղեկատվական համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ ակտուալ ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև ակտուալ ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայան կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter