HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը դպրոցականներին խորհուրդ է տալիս չվախենալ սխալվելուց եւ պատրաստ լինել դրան

Կանադացի Քրիս Հեդֆիլդը (Chris Hadfield), որը բացի տիեզերագնացությունից հայտնի է նաեւ տիեզերքում կատարած իր երգերով, այս օրերին Հայաստանում է եւ մասնակցում է գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնին։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվում են փառատոնի գլխավոր միջոցառումները, կանադացի տիեզերագնացը հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի դպրոցականներին։ Տիեզերք հասած կանադացու խորհուրդը հայ երեխաներին հետեւյալն է՝ կյանքի ցանկացած իրավիճակում երբեք չընկճվել։ «Չպիտի հանձնվել, պետք է գնալ քո երազանքի հետեւից»,- ասում է Քրիս Հեդֆիլդն աշակերտներին։

Նրանցից մեկի հարցին, թե արդյոք երբեւիցե մտածել է, որ իր թռիչքը կարող էր ձախողվել, 63-ամյա տիեզերագնացը պատասխանում է, որ եթե չլիներ ձախողման հավանականությունը, չէր լինի նաեւ իր աշխատանքը։

Ըստ Հեդֆիլդի՝ ոչ միայն տիեզերանավում, այլեւ առօրյա կյանքում պետք է մտածել, որ կյանքը ճանաչելու համար ամենալավ ձեւն այն է, երբ որոշ բաներ սխալ են ընթանում։ Ամենակարեւորը՝ պետք է պատրաստված լինել դրան։

«Գեղեցկությունն այն է, որ երբ ամեն ինչ սխալ է ընթանում, դու պատրաստ ես դրան։ Դու ծանրաբեռնված չես։ Դու չես վախենում։ Դու անօգնական չես։ Դու վերահսկում ես քո սեփական ապագան։ Ահա այսպես միշտ պատկերացրեք, որ ինչ-որ բաներ սխալ են գնում, իսկ հետո պատրաստ եղեք լուծել դրանք»,- ասում է Քրիս Հեդֆիլդն ու վերցնում կիթառը՝ նվագելով դպրոցականների համար։

3 անգամ տիեզերք թռած եւ այդ ընթացքում 166 օր այնտեղ անցկացրած ու ընդհանուր առմամբ շուրջ 15 ժամ բաց տիեզերք դուրս եկած Քրիս Հեդֆիլդը ժամանակին խոստովանել է, որ տիեզերագնաց դառնալու ճանապարհին իր ոգեշնչման աղբյուրը եղել է «Ապոլոն 11» առաքելության ժամանակ առաջին վայրէջքը Լուսնի վրա 1969-ին, երբ ինքը 10 տարեկան էր։

Հեդֆիլդն առաջին անգամ տիեզերք է թռել 1995 թ․, ապա՝ 2001-ին եւ 2012-ին։ Լայն հանրությանը Քրիս Հեդֆիլդն առավել հայտնի է դարձել նրանով, որ իր վերջին թռիչքն ակտիվորեն լուսաբանել է սոցցանցերում։ 2013-ի մայիսի 12-ին, երբ դեռ գտնվում էր տիեզերքում, Հեդֆիլդը «Youtube»-ում տեղադրել է Դեւիդ Բոուիի «Space Oddity» («Տիեզերական տարօրինակություն») երգի իր կատարումը, որը դարձել է պատմության մեջ առաջին երաժշտական վիդեոն, որ նկարահանվել է տիեզերքում (տես վերեւում)։ 2013-ից մինչ օրս այդ վիդեոն «Youtube»-ում ունի 51,7 մլն դիտում։ 

Լուսանկարը՝ NASA/Robert Markowitz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter