HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«iPod-ի հայրը» Երեւանում խոսել է մեթանի եւ ածխաթթվի արտանետումների մասին

Ամերիկացի ինժեներ Թոնի Ֆադելը (Tony Fadell), որը հայտնի է որպես «iPod-ի հայր», ասում է, որ իր համար ներշնչանքը ցավի աղբյուրի դեմ ցավազրկող գտնելն է։ Ֆադելը գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնի հյուրերից ու բանախոսներից մեկն է։ 

Լիբանանցի հորից եւ ռուս-լեհ մորից սերող հայտնի ինժեներն ու գյուտարարը 2001-2008 թթ․ աշխատել է «Apple Inc․»-ում ու հասել մինչեւ «iPod»-ի ստորաբաժանման ավագ փոխնախագահի պաշտոնին։ «Apple»-ից հեռանալով՝ 2010-ին նա գործընկերոջ հետ հիմնել է իր ընկերությունը՝ «Nest Labs»-ը, որը նախագծում եւ արտադրում էր ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող կենցաղային տեխնիկա։ Ընկերությունը 2014-ին 3,2 մլրդ դոլարով վաճառվել է «Google»-ին եւ հիմա կոչվում է «Google Nest»։ Ամերիկյան «Time» ամսագիրը 2014-ին Ֆադելին ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ 100 անձանց ցուցակում, իսկ 2016-ին նույն ամսագիրը Ֆադելի մասնակցությամբ ստեղծված 3 սարք (iPod, iPhone, Nest Thermostat) ընդգրկել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 50 գաջեթների ցուցակում։

Ներկայում Թոնի Ֆադելի ուշադրության կենտրոնում են կլիմայական փոփոխություններն ու գլոբալ տաքացումը։ Նրա «Future Shape» խորհրդատվական եւ ներդրումային ընկերությունը համագործակցում է ինժեներների եւ գիտնականների հետ, որոնք աշխատում են ֆունդամենտալ խորը տեխնոլոգիաների վրա։ Այս ընկերությունը նաեւ ներդրումներ է կատարում սթարթափ ձեռնարկություններում, որոնց թիվն անցել է 200-ի սահմանը։  

«Սթարմուս» 6-րդ փառատոնի շրջանակներում Թոնի Ֆադելը դասախոսություն է կարդացել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ խոսելով մեթան գազի եւ ածխաթթվի արտանետումների վտանգավորության մասին։

Ամերիկացի ինժեներն ու գյուտարարը նկատում է, որ վտանգավոր արտանետումներով մարդիկ իրականում չեն մտահոգվում, այնինչ հակառակը պետք է լինի, քանի որ ապրում ենք գլոբալ տաքացման ժամանակներում։ Նշում է նաեւ, որ մեթանի արտանետման գլխավոր աղբյուրը նավթագազային համաշխարհային արդյունաբերական ոլորտն է, որին բաժին է հասնում այս գազի արտանետումների 80 տոկոսը։    

Թոնի Ֆադելը ուշադրություն է հրավիրում նաթագազային ոլորտի վերահսկողության վրա՝ նշելով, որ դա կարելի է նաեւ անել արբանյակներից ստացվող տվյալների միջոցով։ Այս առումով արդեն իսկ համագործակցություն կա հեղինակավոր «SpaceX» ընկերության հետ։ Նախագիծն, ըստ Ֆադելի, իրականացվում է բացառապես ոչ պետական միջոցներով, նվիրատվություններով։

Բանախոսը նշում է, որ սկսել են մտածել հաջորդ սերնդի մասին եւ իսկապես ուրախ է, որ առաջիկայում կունենան կարեւոր տվյալներ, որոնք կլինեն բաց եւ հասանելի ցանկացողների համար։

Ածխաթթվի խնդիրը հաղթահարելու տեսանկյունից ամերիկացի ինժեները կարեւոր է համարում ջրածնային տնտեսության վրա շեշտադրում կատարելը։ Ըստ նրա՝ սա խոստումնալից առաջարկ է, որը ոչ միայն կապահովի տնտեսական, կլիմայական կայունություն, այլեւ կլուծի ազգային անվտանգության հարցեր։ Բացի դրանից՝ ջրածնային տնտեսության մեջ ներդրումներ կատարելը, Ֆադելի փոխանցմամբ, կարող է հետագայում մեծ եկամուտներ ապահովել ներդրողների համար։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter