HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի վերլուծությունն ավարտվել է․ հիմա «գնդակը նրանց կիսադաշտում է»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) ավարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, վերջինիս մոր՝ Կիմա Մկրտչյանի ու իշխանական նախկին պատգամավոր Հայկ Գեւորգյանի հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունը, եւ հարցը ներառված է ԿԿՀ առաջիկա նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկացել ենք հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին անդրադարձել էինք թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին պարբերաբար խոսող վարչապետի աներորդու, զոքանչի եւ ընկերոջ հայտարարագրերին, որոնցում նրանք իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ չեն ներկայացրել։

Փաշինյանի զոքանչ Կիմա Մկրտչյանն իր որդուն՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին փոխկապակցված անձ է՝ ընտանիքի անդամ, եւ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունի։

2019 եւ 2020 թթ․ հայտարարագրերում, սակայն, Մկրտչյանը չի նշել, որ տիրապետում է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 80 %-ին եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ի 70 %-ին։ Սրանք երկուսն էլ գործող ընկերություններ են, «Դարեսկիզբը» «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչն է, «Նիկան հրատարակչությունն» էլ, որն իր անունը ստացել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անուններից, ըստ էության, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի իրավատերն է կամ առնվազն եղել է այդպիսին նախկինում։

Հատկանշական է, որ բացի սրանից՝ Կիմա Մկրտչյանը չի ներկայացրել 2021 թ․ տարեկան հայտարարագիրը (այդպիսին առկա չէ ԿԿՀ կայքի հայտարարագրերի ռեեստրում), չնայած որ օրենքի իմաստով շարունակում է համարվել Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ, եւ պատգամավորն էլ մորը նշել է իր ընտանիքի անդամների թվում («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ)։ 

Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, ապա նա 2019, 2020 եւ 2021 թթ․ իր հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում չի նշել, որ իրեն փոխկապակցված մայրը մասնակցություն ունի վերը նշված ընկերություններում։

Ստացվում է, որ Փաշինյանի աներորդին եւ զոքանչը որեւէ նշում չեն արել այն մասին, որ «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ների հիմնական սեփականատերը Կիմա Մկրտչյանն է։

Այս երկու ընկերություններում 20-ական % ունի «Հայկական ժամանակի» լրագրող, 2019-2021 թթ․ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը։ 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն): Այդուհանդերձ, 2019 եւ 2020 թթ․ տարեկան, ինչպես նաեւ 2021 թ․ պաշտոնի դադարեցման հայտարարագրերում Հայկ Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, որ 20 % բաժնեմաս ունի «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում: 

Ավելին՝ Գեւորգյանը պատգամավոր դառնալուց առաջ տնօրեն է եղել թե՛ «Դարեսկիզբ», թե՛ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում, բայց եթե մանդատը վերցնելուց առաջ «Դարեսկիզբի» տնօրենի պաշտոնից դուրս է եկել, ապա «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ի ղեկավարի պաշտոնը չի թողել, ինչը հակասում է Սահմանադրությանը։

Մեր հրապարակումից հետո երբ ԿԿՀ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հանձնաժողովի կողմից, տեղեկացել էինք, որ հոդվածն ուսումնասիրվել է, ինչից հետո ԿԿՀ-ն սկսել է Հրաչյա Հակոբյանի, Հայկ Գեւորգյանի եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մեր հերթական հարցմանը, թե ինչ փուլում է վերլուծությունը, արդյոք այն ավարտվել է, եւ ինչ քայլեր է ձեռնարկել ԿԿՀ-ն, նշել է, որ հանձնաժողովը Հ․ Հակոբյանի, նրա մոր՝ Կ․ Մկրտչյանի եւ Հ․ Գեւորգյանի ու նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն իրականացրել է հարցումներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական բանկից եւ այլ անձանցից, ինչպես նաեւ հանձնաժողովին հասանելի էլեկտրոնային շտեմարաններից։ Ստացված պատասխանները համադրվել են նշված անձանց հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալների ամբողջական հայտարարագրված լինելու, ինչպես նաեւ հայտարարագրված տվյալների արժանահավատության ստուգման համար։ 

Հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունն ավարտված է եւ ներառված հանձնաժողովի առաջիկա նիստում։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա ԿԿՀ-ն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 օր ժամկետ։ Եթե այս ժամկետում հայտարարատուն չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա ԿԿՀ-ն նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

Ըստ էության, ԿԿՀ-ն հիմա սպասում է Հակոբյանի, Մկրտչյանի ու Գեւորգյանի պարզաբանումներին կամ լրացուցիչ նյութերին, քանզի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Հետքին» հայտնել է, որ օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերում (պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չստանալիս) Հրաչյա Հակոբյանի, Կիմա Մկրտչյանի, Հայկ Գեւորգյանի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ գործի նյութերը կուղարկվեն գլխավոր դատախազություն։   

Հավելենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ԿԿՀ-ն հանգում է եզրակացության, որ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ: Այստեղ հարցն այն է, որ Հրաչյա Հակոբյանն ու Կիմա Մկրտչյանը ոչ թե սխալ կամ ոչ ամբողջական են ներկայացրել, այլ ընդհանրապես չեն հայտարարագրել Մկրտչյանին պատկանող բաժնեմասերը երկու ընկերություններում, իսկ Հայկ Գեւորգյանը նմանապես չի ներկայացրել իր բաժնեմասը դրանցից մեկում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է 200.000-400.000 դրամ տուգանքի նշանակում:

Իր հերթին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է հետեւյալը․ եթե ԿԿՀ-ն վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։

Գործող Քրեական օրենսգրքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից իր հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ նրա ամսական եկամտի 10-30-ապատիկի չափով (Քրեական օրենսգրքի իմաստով ամսական եկամուտ է համարվում հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի ստացած միջին ամսական եկամտի 35 տոկոսը), կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter