
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար գոտեմարտում Ամոյանը 7:1 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեսին:
Հայաստանը ներկայացնող ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 3:3 հաշվով պարտություն էր կրել հունգարացի Զոլտան Լևայից, և քանի որ վերջինս հասել էր եզրափակիչ, Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցակցնելու և բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացավ:
Սփոփիչ առաջին գոտեմարտում Ամոյանի մրցակիցը գորգ դուրս չեկավ, երկրորդ գոտեմարտում Ամոյանը 5:2 հաշվով հաղթեց շվեդ Ալբին Օլոֆսոնին, և արդյունքում բրոնզի համար գոտեմարտեց ու հաջողության հասավ:
Հիշեցնենք՝ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը 2021 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 77 կգ քաշում այս տարի հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Աշխարհի ընթացիկ առաջնությունում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր եզրափակչի ուղեգիր է նվաճել և վաղը իր կարիերայում չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորություն կունենա:
Մեկնաբանել