HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Լռության ձայնը

Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլևս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ: Լ. Ջ.

Առավոտ արթնության դուրս եկա: Արեգակը պլպլում է ճակատիս, զեփյուռը խաղում է քունքերիս, ռունգերս շնչում են մարգարտաշաղախ կանաչով... Ուզում եմ խնդալ, ուզում եմ ցնծալ, գգվել ու փարվել, գրկել աշխարհը... Պատահու՞մ է, չէ՞, երբ Տերյան չես, բայց տերյանական ես... Ծափ եմ զարկում. իսկ պատճառը մի բառ է, ընդամենը մի բառ, որ ցնցել է ներաշխարհս... Հիշել եմ Հրանտ Մաթևոսյանի Սոֆիին՝ անաղարտ ու շնչահատ այն աղջկան՝ հերարձակ մազերով, ծնեփակ բոյով, նուշ աչքերով, վարդ թշերով, կոկոմ կրծքերով, հոլանի իրանով, կուսական քմայքներով ու սիրո քնքուշ թովչանքներով... Նրա բույրով ոչ միայն համակվել էր մարդը, այլև մարդու աշխարհը, որ «սոֆիացել էր...»: Ահա այն հրաշք բառը, որի կախարդանքի տակ էի հայտնվել այդ առավոտ: Հոգիս ծաղկում էր, հոգիս տոն էր ուզում, թովչանք ու խինդ... Ուզում էի սիրել, ուզում էի սիրվել, ուզում էի մի քիչ սոֆիանալ... Բռնկվել էի իգական, պտղատու տվայտանքներով: Մեջս խուտուտ էր գալիս անուշ մի բան: Այդ առավոտ ես բառի ապրածո էի: Բառը, որ մարդ է պահում՝ աշխարհ էլ կպահր: Միտքս հղիացել էր Աստծո հյուլեից: Պատմվածք էր ծնվում, պատմվածք, որ անցած գնացածի աշխարհն է... Ես այդ աշխարն էի արարում...

Տերևներն այլևս չէին սոսափում: Լուռ էին: Իրական լռությունը կատարյալ անշարժության մեջ է: Այնուամենայնիվ, էս աշխարհում կատարյալը միշտ անկատար է: Վերնիսաժում մի ձայն կար, որ միշտ էր գալիս, գրեթե ամեն օր, ամեն առավոտ...

-Էկա՜վ, էկա՜վ...,- հայտնության պես ավետեց Հայկոն:

Նրա բացականչությունից չէր կարելի եզրակացնել՝ գոհությա՞ն կանչ էր, թե՞ դժգոհության: Քանզի Դավիթը շատ էր կակազում: Նախադասությունը սկսում ու երբեմն էլ չէր ավարտում: Ո՞վ հավես ուներ նրան դիմանալու, նամանավանդ, դեռ էն գլխից գիտեին, թէ ի՞նչ է ասելու: Բայց և այնպես, միայն ես գիտեի, որ նրա ձայնը նաև ուրիշների ձայնն է, որոնք լռում էին:

-Լի՛, լի՛, լի՛, Լիվոն ջան, Լիվոն ջան...

Երերուն ձայնը գնալով մոտենում էր:

-Էլի էկավ...

Ոմանք ուրախանում էին, ոմանք դժգոհում... Փաստն այն էր, որ մեզ հավասար «գործի» էր գալիս՝ օրվա պես անխափան, առավոտյան ճիշտ ժամը 9-ին: Դեռ հեռվից ինձ նկատել էր.

-Լի՛, լի՛, լի՛, լի՛, Լիվոն ջան, Լիվոն ջան...,- Բարակ շուրթերը կարմիր թիթեռի նման թրթռում էին ու Աստված գիտեր, թե դեռ ինչքան պիտի թրթռային: Թե բախտներս բերեր՝ կարճ  կկապեր:

-Բա ո՞նց ես, դրու՛գ...

Իմ բախտից էս անգամ հեշտ պրծա: Բայց հլա դեռ պիտի բարևեր. բռունցքը ինձ պարզեց՝ թեթև հպելով ձեռքիս երեսին: Նա էլ էր պաշտպանվում կորոնավիրուսից: Կարճ հարց ու փորձից հետո առաջ անցավ: Առաջանում էր տոտիկ, տոտիկ, մանրաքայլ դողդոջուն քայլերով: Ձեռքերին երկու ձեռնափայտ կար՝ մեկը ճկված բռնակով սովորական չալիկ էր, մյուսը՝ պատահական փայտի կտոր՝ ամեն մեկը մի ձեռքում պահած, թվում էր, թե դրանք նրան օգնելու համար էին, բայց իրականում ոչ թե ձեռնափայտերն էին իրեն առաջ տանում, այլ ինքն էր դրանք տանում՝ կույրի պես ձեռքերը առաջ պարզած, ձեռնափայտերը կես թիզ գետնից կտրած: Դավիթի ամեն քայլը քառորդ քայլ էր՝ երկչոտ ու անվստահ, ասես նոր էր քայլել սովորում: Արագ շարժվելու միայն մի տարբերակ ուներ, երբ խմած էր: Էն ժամանակ նրան բռնել չէր լինի՝ քայլում էր լայն լոքերով, դոշերը բաց, հերարձակ ու աննկարագրելի կատաղած: Օղին այն կախարդական ջինն էր, որ լավագույնս ոռոգում էր նրա հույզերն ու կարողությունները: Դավիթը գրեթե ծնող չէր տեսել: Մայրը շուտ էր մահացել, իսկ հայրը նրանից հեռու էր այնքան, ինչքան Աստված: Էս է յոթանասուն տարեկան էր դառնում՝ դեռ հորաքրոջ խնամքի տակ էր: Դժվար է ասել՝ հորաքրոջ վախճանից հետո նրա կյանքը ո՞նց էր դասավորվելու: Վերնիսաժում չգրված օրենք կար՝ ում էլ Դավիթը դուր գար, չգար, ոչ ոք իրավունք չուներ նրան վիրավորել: Ինձ, անվարան, համախոհ էր համարում, դրա համար էլ սկզբում իմ կողմն էր գալիս, բայց էդ համակրանքի մեջ աներկբա կատաղություն կար, որը թեև ինձ չէր ուղղված, բայց կեղտաջրի նման առաջինը իմ գլխին էր թափում.

-Սա՛ա՛ա սաղ շշշպիոն են, հա՛, հա՛ ...   սաղ շպիոն են...,-  կտրուկ պոռթկումով ձայնը բարձրացնում էր: Դավիթի հրեղեն ելևեջներն անզուսպ թևածում էին Վերնիսաժում,- Դա՛դա՛դա՛դավաճա՛ն....,-գոռում էր,- դավաճա՛ն... Սրանք սաղ դավաճան են,- բորբոքված հայացքը արծաթավաճառների վրայով սահում էր, մեկ էլ՝ անսպասելիորեն մեխվում առանձին մարդկանց վրա,- բա՛, բա՛, բացի Լի՛, լի՛, լի՛-վոնից, Լի՛լի՛լիթից, Գայանեի՛ց, Հայկոյից, Շշշողիկից, Բաաաբկենի՛ց, Սամվելի՛ց...

Բարկությունը չքվում էր, ձայնը՝ փափկում թավշե տոնայնությամբ: Ջրակալած աչքերը սիրով Սամվելին էին նայում.

-Տտտտնեցիները ո՞նց են,- հարցնում էր քնքուշ բարիտոնով,- Կարինեին բբբարև կանես, Էէդոյին բարև, թթթթոռնիկներիդ չմոռանաս պպաչես...

Էդպես էր Դավիթը, շատերին գիտեր ընտանիքի անդամ առ անդամ:

-Դավո, արի խաչապուրի ուտենք,- Սամվելը ձեռքի խաչապուրին մեկնում էր նրան:

-Ցէ՛, ցէ՛, գնում եմ՝ էս կողմերը գգգգործ ուունեմ...

Ու էլի բերանը կատաղությունից փրփրում էր.

-Հհհհողատու՛... դավաճա՛ն... Պուտինը Շշշշոյգուի հետ սսսարանց հախից կգա...,- ասում էր,- կկկկկկոտրի էէս ձեռքը, կկոտրի՛, որ սրանց ձձեն ա տվել... Սրանց էլ թթթթթուրք ու ժժժեխ չեմ ասելու, սրանք կրիս են, կրի՛ս, վախկոտ կրի՛ս...

Մատը թափ տալով՝ չորս կողմը հայհոյանք էր սփռում, հետո ձեռքը հուսահատ թափ տալիս.

-Դե լավ,- ասում էր,-  ձեր Դ՛դ՛դ՛դ՛ավիթը գնաց...,-  հետ էր շրջվում,- Ցէ՛, ցե՛,- ասում էր,- Դդդդդդդավիթը ձերը չի... Դդդդդուք Ցռան Վերգոյի ժժժժժժառանգներն եք...,- մեկել հանկարծ շրջվում էր կողքիս կանգնած Ժասմենայի կողմը.

-Ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛, ժա՛...,-ասում ու գլուխ չէր բերում: Ձեռքերն էլ եռանդով թափ էր տալիս, թե ինչ էր ուզում, Աստված գիտեր:

Ասում էի.

-Դավիթ էս աղջկա անունը Գոհար ա, էլ Ժասմենա չասես:

Ձեռքը հուսհատ թափ էր տալիս ու առաջ ընկնում: Ձեռնափայտերը առաջ պարզած տոտիկ-տոտիկ, մանրաքայլ, ոնց եկել՝ էնենց գնում էր, մեկ էլ որոշ ժամանակ անց կրկին հայտնվում.

-Կա՛կա՛կապառոսը ՆԱՏՕ ա...

-Բա Հենո՞ն...

Տղերքը գիտեին թույլ կողմս. Հենրիկ Մխիթարյանի մոլի երկրպագուն էի: Դավոյի կարծրատիպերից ելնելով՝ ուզում էին հոգուս հետ խաղալ...

-Ո՛ ո՛ ո՞վ, կապիկի տտտղե՞ն ... Էնրիկը՛, Էնրիկը՛,  հա Էնրիկը, հա՛ Էնրիկը՝ նա՛նա՛նադայելի...

-Դավո՞,- հայացքս խոժոռում էի Դավիթի վրա: Նա էլ դեմ չէր հոգուս հետ խաղալուն, բայց ամենևին չէր ուզում ինձ նեղացրած լիներ:

-Ցե՛, ցէ՛... Պա՛պա՛պա՛շինյանը, Պաշինյանը... մռուքը... շպիոն մռուքը..,- շփոթությունը ձգտում էր հաղթահարած լինել,- ՆԱՏՕ-ն Էնոյին լա՛լա՛լա՛լարեց, սրանք խեղճ տղու գգգգլուխը կկերան... Հլա դեռ ուուուզում են 2050 թվին ա՛ա՛ա՛ա՛աշխարհի չեմպիոն դդդդառնան...

Էնպես չի, որ մեր ուշադրությունը միայն Դավիթի կողմն էր, առաջին հերթին գնորդների վրա էր, մեկ-մեկ էլ արտասովոր հաճախորդների... Օրինակ էս մեկի. լինու՞մ է, չէ՞, երբ կինը կարծես թե հագնված է, բայց հագուստով ավելի մերկ է թվում, քան իր իրական մերկությունն է... Գայթակղիչ մարմին ուներ, որն առավել քան գայթակղելի էին դարձնում պիրկ կրծքերն ու ազդրերը, մսերի կոր բռնելատեղերը, իսկ հետույքը գրկող «շղարշը» ուղղակի աչք էր ծակում: Հագի ռետուզն էնպես էր զռզեքվել վրան, որ ակնհայտորեն ամեն ինչ ընդգծվել էր, առանձնապես, գլոբուս հետույքն ու առջևի Բերմունդյան եռանկյունու հատվածը: Մի խոսքով, ոնց որ բաց հրավեր... Սակայն առավել զարմանալին կողքից քայլող ամուսինն էր. էնպես էր դոշը տնկած, թիկունքով հպարտ-հպարտ պատնեշել իր կաքավին, որ ասել էր՝ ո՞վ ունի՜... Ով էլ ունի՝ իմ ունեցածին չի հասնի...

Դուք կարծու՞մ եք Դավիթն աշխարհից բան չէր հասկանու՞մ... Նա էլ Վերնիսաժի մի լիս անկյունում նստել ու մի երգ էր ասում.

-Տուտուզիկ, տուտուզիկ,

Սիրունիկ, անուշիկ...

-Բա հետո՞, հետո՞, ոգևորում ու քաջալերում էինք:

-Ցէ՛, ցէ՛, աաամոթ ա, ամոթխած ժպտում էր:

Նա մի երգ ուներ, որ աշխարհի ոչ մի երգի հետ չէր փոխում: Նրա կյանքն իր երգն էր: Ուրիշներն ապրում էին իրենց վաճառասեղանին հենված, իսկ ինքը հենման կետ չուներ: Անգամ իր ձեռնափայտերն էին այդ գործում անօգուտ: Ինչ ուներ-չուներ վաղուց վաճառված էր.

-Դավաճա՛ն, հողատու՛...,- գոռում էր Դավոն:

Նրա բողոքը դրանով չէր ավարտվում: Երբեմն էլ տուրիստի թիկունքում ծպտված՝ ականի պես անակնկալ պայթում էր.

-Շպիո՛ն...

Խեղճ տուրիստը հանկարծակի եկած ցնցվում էր, այլայլվում, դեմքը պատի ծեփի գույն էր ընդունում, իսկ Դավոյի իսկի պետքն էլ չէր. ձեռնափայտերը առաջ պարզած՝ դողդողալեն իր համար ճամփա էր բացում, որ հանկարծակի, մի նոր տուրիստի թակարդը գցի.

-Շպիո՛ն... ՆԱՏՕ-ի շո՛ւն...,- ահաբեկում էր:

Ողջ Վերնիսաժը Դավիթի ռմբահարման տակ էր:

Մենք նրան բանի տեղ չէինք դնում: Իզուր աղմկում էր՝ տհաճություն ու ձանձրույթ պատճառելով վաճառականներին: Բայց նա Դավոն էր, նրան ո՞վ կարող էր բան ասել...

Աշնան քամին, մեղմիկ, փչում էր դեմքիս: Առևտուր չկար: Ուշք ու միտքս տեսածս ու լսածս էր: Ես Դավոն չէի, որ օր ու գիշեր ձայնասփյուռի պես շարունակ նույն բանն ասեի, բայց մեջիս եղածն էլ քիչ չէր դիմանալու համար: Ցնորվում էի: Տունը չէր կանչում: Լռվել էի ամայացող Վերնիսաժում: Մոտիկ հորիզոնից լուսնի ահռելի գլուխն էր բարձրանում: Փրկություն կա՞... Միգուցե՞... Դունչս պարզել էի արծաթի պես պաղ ու արծաթադրամի պես կլոր, սպիտակ լուսնին: Կորստյան ցավ կար մեջս: Չէ, չէի արտասվում: Թվում էր, թե տափաստանում ոռնացող այն միակը ես էի: Ձայնս թախծալի ելևէջումով մղկտում-մղկտում ու ձգվում էր առ լուսին:

-Աու՜ու՜ու՜ու՜ու՜...,- ոռնում էր խիղճս:

-Էս էն գրո՞ղը չի...

Ուշացած գնորդ էր: Տարակուսած ինձ էր նայում: Թեքվեցի նրա կողմը: Ընթացքի մեջ հայացքը թռցրեց: Ինքն իրեն էր հարցնու՞մ, թե՞ ուրիշից էր ուզում ճշտել: Երևի հեռուստացույցով մի այլ տպավորություն էի թողել: Տեսածն ու լսածն իրար չէին բռնում: Ես նրա հավեսը չունեի: Մղկիտս քամուն հյուսված՝ սուլում էր.

-Աու՜ու՜ու՜ու՜ու՜...

Կարմրող հորիզոնին լուսնի անզգա դեմքն էր: Ամեն ինչ անշարժ էր ու լուռ:

 

  1. 09. 22թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter