HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարտի դաշտից փախուստի դիմելու մեջ մեղադրվող հրամանատարը մեղադրանքը չընդունեց

«Ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- այսօր՝ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնեց Արցախի պաշտպանության բանակի Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանը։ Նա և իր պաշտպան Գոռ Գևորգյանը դատարանին հայտնեցին, որ մեղադրանքի էությունն իրենց անհասկանալի է և դիմեցին դատարանին՝ պարզաբանելու համար։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկնեց քրեական գործի մեղադրական եզրակացությամբ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

Մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին, ռազմական դրության ժամանակ սեփական կյանքը փրկելու նպատակով անգործություն դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ` զոհվել է 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

Բացի այդ, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Դիրքերում մնացել է նաեւ 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրական եզրակացությունն արդեն իսկ ընթերցել էր գործով մեղադրող, զինվորական դատախազության ավագ դատախազ Էդգար Մանասյանը։ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գևորգ Գևորգյանը, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն:

2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից:

Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող»:

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել այս տարվա փետրվարի 10-ին, առաջին դատական նիստը նշանակվել էր 2022թ․ մարտի 11-ին, սակայն, դատարանին միայն այսօր հաջողվեց սկսել դատաքննությունը։ 

Քրեական գործը նախ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս տարվա ապրիլի 12-ին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդել էր փոխել քրեական գործի ընդդատությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Փաստաբան Լ․ Սիմոնյանը միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ տուժողի իրավահաջորդների մեծամասնությունը բնակվում է Երևան քաղաքում կամ Երևան քաղաքի հարակից մարզերում, և նրանց համար դժվար կլինի Սյունիքի մարզում դատաքննություններին մասնակցելը։ Արցախի Հանրապետության տարածքում բնակվող տուժողի իրավահաջորդները նույնպես համաձայնել էին գործի դատաքննությունը Երևանում անցկացնելուն։

Դատակոչի ցուցակից հետևում է նաև, որ դատակոչված վկաների գերակշիռ մասը նույնպես Երևան քաղաքի կամ հարակից մարզերի բնակիչներ են և նրանց համար ավելի հեշտ կլինի Երևանում ներկայանալ դատական նիստերի:

Բացի այդ, ամբաստանյալը կալանքի տակ է և պահվում է Երևան քաղաքի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, նրան Երևանում գտնվող դատարանի շենք տեղափոխելը ավելի հեշտ է ու պակաս ժամանակատար, քան Սյունքի մարզի Գորիս քաղաք տեղափոխելը։ Ամբաստանյալն ու նրա պաշտպան Գոռ Գևորգյանը նույնպես համաձայնել են գործի ընդդատությունը փոխելուն։

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանը կալանքի տակ է 2021թ․ օգոստոսի 28-ից, գործի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ տեղափոխելուց հետո նրա պաշտպանը շարունակել է միջնորդություններ ներկայացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու նպատակով: Այնուհետև բողոքարկել է դատարանի մերժման որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է պաշտպանի բողոքը:

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների իրավահաջորդների մի մասն էր ներկա դատաքննությանը, քանի որ այսօր մեռելոց էր, սակայն կողմերը համաձայնեցին առանց նրանց դատաքննությունը շարունակելուն։ Դատարանին այսօր հաջողվեց անցնել դատաքննության, և կողմերի համաձայնությամբ ապացույցների հետազոտման կարգ սահմանվեց՝ հետազոտել քրեական գործում առկա ապացույց հանդիսացող գրավոր փաստաթղթերը, լսել դատակոչված վկաներին, տուժողի իրավահաջորդներին, այնուհետև՝ ամբաստանյալներին։ Այսօր դատարանն ուսումնասիրեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները, ապա դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 28-ը։ Այդ օրը կլսեն դատակոչված վկաներին։

Նշենք, որ օրերս դատախազությունը մեղադրանք առաջադրեց նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրմանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին, որի մեղադրանքներից մեկն էլ այս դեպքին է վերաբերում։ «Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«․․․ Ջալալ Հարությունյանը, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ջ․ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը նոր միջնորդության առիթ էր ամբաստանյալի պաշտպան Գոռ Գևորգյանի համար։ Նա դատարանին  միջնորդեց նախաքննական մարմնից պահանջել Ջ․ Հարությունյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցները՝ ենթադրելով, որ դրանք կհերքեն իր պաշտպանյալի մեղավորությունը։ Կողմերն առարկեցին միջնորդության դեմ, իսկ դատարանը մերժեց միջնորդությունը։ «Մենք մեր մեղադրանքի շրջանակում ենք դատաքննություն իրականացնում, մեր իրավասության մեջ չի մտնում Ջ․ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը։ Մեր գործը թողնենք, ուրիշի մեղադրանքի հիմնավորվածությունը ստուգե՞նք»,- առարկեց դատավորը։ 

Հիշեցնենք, որ Ցորի Դ-20 դիվիզոնի 9 զինծառայողների աճյունները երկար բանակցություններից հետո ադրբեջանցիները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին փոխանցեցին 2021թ․ նոյեմբերի 2-ին։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվեց նրանց ինքնությունը։ Զինծառայողներ Դավիթ Ազատյանին, Հայկ Անտոնյանին, Կարեն Դանիելյանին, Արտակ Միքայելյանին, Նարեկ Օհանյանին, Վահե Պապյանին, Հայկ Պապիկյանին, Ռուբեն Պողոսյանին և Սամվել Պողոսյանին հուղարկավորեցին 2021թ․ դեկտեմբերի 3-ին՝ զինվորական արարողակարգով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter