HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դոլարի արժեզրկումից վնասներ կրած ՏՏ ընկերություններին պետական աջակցություն կտրամադրվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն ցուցաբերել արտարժույթի արժեզրկման հետևանքով վնասներ կրած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ տարեսկզբից նկատվող և այժմ շարունակվող արտարժույթների և հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումը բացասաբար է ազդում հայաստանյան ՏՏ ընկերությունների վրա, քանի որ տեղական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ԱՄՆ դոլարի մոտ 20 տոկոս արժեզրկման հետևանքով՝ համապատասխան ծավալով կրճատվել են նաև տեղական ՏՏ ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչնդոտելով նրանց բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Ուստի էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ պետական աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա ՏՏ ընկերությունների զարգացման համար՝ հնարավորություն ընձեռելով ներգրավելու նոր, բարձր որակավորում ունեցող մասնագետների։

Հիշեցնենք՝ 2022-ի տարեսկզբին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480-482 դրամ, իսկ այժմ կազմում է 405 դրամ։

Շահառու ընկերություններին աջակցությունը կտրամադրվի 2022 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով։

Հավելենք, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը օրինական ուժ կստանա միայան կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter