HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը ՊՆ-ից չի կարողանում պարզել Խուռհատ սարից նահանջած անձնակազմի ամբողջական ցանկը

Պատերազմից 2 տարի անց Պաշտպանության նախարարությունը չի կարողանում Դատախազությանը տրամադրել Խուռհատ սարից Հադրութ քաղաք նահանջած անձնակազմի ամբողջական ցանկը։ Դատախազ Գևորգ Ավետիսյանը գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ՝ ԶԼՄ-ների միջոցով խնդրելով այն անձանց, ովքեր տեղեկություն ունեն նահանջած անձնակազմի վերաբերյալ, դիմել իրեն։

Հիշեցնենք, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է Հադրութ քաղաքի մոտակայքում՝ Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Դատախազը նշեց, որ նախաքննական մարմինը մի շարք քննչական գործողություններ է կատարել, այդ թվում՝ հարցաքննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին գրություններ է ուղարկել՝ հստակեցնելու տուժողների ցանկը։ 

«Խոսքն այն անձնակազմի մասին է, որը Խուռհատ սարից Հադրութ քաղաք նահանջելիս, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի ուղեկցությամբ, գնացել է դեպի Հադրութ։ Ըստ էության, հնարավոր չի եղել հստակեցնել զինծառայողների ամբողջական ցանկը։ Մեղադրանքի մեջ ներառված են այն անձանց տվյալները, որոնք նախաքննության ավարտի պահին հստակ եղել են։

Հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով կարող է նաև իմ հորդորը հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություններ ունեն, որ իրենց երեխան զոհվել է, վիրավորում է ստացել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին, կխնդրեմ դիմումների կամ անձնապես իմ հետ կապի դուրս գալու միջոցով տվյալներ տրամադրել, փորձենք հստակեցնել ցանկը»,- ասաց դատախազը։

Գևորգ Ավետիսյանը հավելեց, որ վերջնական միջնորդությամբ հանդես կգա, և մեղադրանքի ծավալում նոր ի հայտ եկած անձանց անունները կներառվեն, ինչպես նաև՝ տուժողների, իսկ զոհվածների պարագայում նրանց հարազատներից որևէ մեկը իրավահաջորդ կճանաչվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter