HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով։ 

Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։ 

Հիշեցնենք, որ այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ թշնամու քաղաքացիական օդանավերը չէին մտնում ՀՀ երկինք, ինչն իր պատճառներն ուներ։ 2014-ի նոյեմբերից ադրբեջանցիները խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետեւ այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից եւ 7 տարի շարունակ Բաքվից Նախիջեւան էին թռչում միայն Իրանի տարածքով։ 

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ը վերսկսեց թռիչքները ՀՀ երկնքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Այսինքն՝ Հայաստանի երկնքով թռիչքները ձեռնտու տարբերակ էին ադրբեջանցիներին։ 

«AZAL»-ի Բաքու-Նախիջեւան առավոտյան չվերթը․ 12.09.2022

Նկատենք, որ Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթ կատարելիս ադրբեջանական օդանավերը ՀՀ տարածքում անցնում են Վարդենիսի, Մարտունու, Վայոց Ձորի, երբեմն էլ՝ Արարատի մարզի երկնքով։ Մինչ այս պահը շարունակվող ռազմական գործողությունների ամենաթեժ ուղղություններից մեկը հենց Վարդենիսի տարածաշրջանն է։ 

«AZAL»-ի Բաքու-Նախիջեւան առավոտյան չվերթը․ 13.09.2022

Մինչեւ այսօր Հայաստանի երկնքով էր իրականացվում նաեւ Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ի Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթի Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ հատվածը։ Սակայն այսօր արդեն թուրքական օդանավը Նախիջեւանից Գյանջա մեկնելու համար մտել է Իրանի օդային տարածք, իսկ Գյանջայից Ստամբուլ մեկնելիս՝ Վրաստանի երկինք։ 

«Turkish Airlines»-ի Նախիջեւան-Գյանջա չվերթը․ 13.09.2022

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter