
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Երևան և Բաքու
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան և Բաքու։ Այդ մասին Միշելը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
I am in contact with both leaders @presidentaz and @NikolPashinyan.@JosepBorrellF has asked EU Special Representative Klaar to travel to Baku and Yerevan to work on preventing further escalation.
— Charles Michel (@CharlesMichel) September 13, 2022
«Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ աշխատելու հետագա սրումը կանխելու ուղղությամբ»,- գրել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իր մեկ այլ գրառման մեջ Շառլ Միշելը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերի վերաբերյալ հաղորդագրությունները խիստ տագնապ են առաջացնում։ «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն հրադադար։ Չկա այլընտրանք խաղաղությանը և կայունությանը։ Եվ դա ապահովելու համար դիվանագիտությանն այլընտրանք չկա»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Ավելի վաղ, Տոյվո Կլաարը գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ «ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացմանը»,- գրել էր եվրոպացի պաշտոնյան:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել