
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այդ մասին եվրոպացի պաշտոնյան գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
The fighting along the Armenian-Azerbaijan border & the reported intense shelling need to stop immediately. The EU is in close contact with the sides to contribute to de-escalation.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 13, 2022
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացմանը», - գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։
Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ:
Մեկնաբանել