
«Ջավախքում տեր ու տնօրինողները ուժային կառույցներն են»
«Իրողությունն այն է, որ Ջավախքում տեր ու տնօրինողները ուժային կառույցներն են»,- այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը վստահ է, որ տեղական ինքնակառավարման համակարգը Ջավախքում ձևական բնույթ է կրում: Ուժային կառույցներն են որոշում այնտեղ գրեթե ամեն ինչ, և ողջ հասարակությունը հսկողության տակ է: Երիտասարդ ակտիվիստների մի մասը ձերբակալված է, մյուս մասը' դատապարտված, մի հատվածն էլ ստիպված լքել է հայրենիքը, որոշ մասն էլ կիսատ-պռատ դատական գործընթացների մեջ է: Երիտասարդության զգալի մասը պայմանական դատվածություն ունի, կամ կիսատ թողած դատական պրոցես, որպեսզի չփորձի ակտիվանալ:
Շիրակ Թորոսյանն ասում է, որ այդ դատական գործընթացները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառում ջավախքցիներին, որովհետև յուրաքանչյուր դատական գործընթաց, վեճ կամ վիաբանություն հանգուցալուծելու համար տեղացիները 10-20 հազար լարի են վճարում' պայմանական դատվածություն ստանալու և անազատության մեջ չգտնվելու համար:
«Մարդիկ այսօր վախենում են ազատ հաղորդակցվել ու ազատ շփվել: Յուրաքանչյուր գյուղում ստեղծված է գործակալական ցանց, և յուրաքանչյուր փոքրիկ մի միջադեպ, եթե գյուղում տեղի է ունենում, ապա անմիջապես տարբեր մեկնաբանություններով արագ տեղեկացվում է ուժային կառույցներին, իրենց անվտանգության ծառայություններին, ոստիկանությանը, և արագ դատական գործընթաց է սկսվում, և այդ մարդիկ ներքաշվում են ու երկար ձգձգումների ու խնդիրների մեջ են հայտնվում»,- մանրամասնում է Շիրակ Թորոսյանը:
Ավելին, պայմանական դատվածները իրավունք չունեն սահմանը հատելու, իսկ ջավախքցիների մեծ մասը իրենց ապրուստը վաստակում է արտագնա աշխատանքների գնալով:
Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այս խնդիրները չեզոքացնում են այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվել են վերջին շրջանում, այն է` հանրապետական ճանապարհների շինարարությունը և գազիֆիկացման գործընթացի մեկնարկը, որոնք Ջավախքի սոցիալ-տնտեսական դաշտում որոշակի նպաստավոր իրավիճակ էր ստեղծել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել