HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը կարճ ժամկետում փորձում է հասնել Հայաստանին առաջադրված տարածքային հավակնությունների բավարարմանը»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, ո՞րն է Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ Հայաստանին քաղաքական զիջումներ պարտադրե՞լը, թե՞ հատկապես ուժով միջանցքի բացումը։

-Ակնհայտ է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքական ախորժակը բացվել է, եւ պահանջները գնալով ընդլայնվում են։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը բավականին կարճ ժամկետում փորձում է հասնել Հայաստանին առաջադրված տարածքային հավակնությունների բավարարմանը։ Ընդ որում՝ այդ ճանապարհին ուղիղ տեքստով հայտարարում է, որ եթե դա չլինի բանակցությունների միջոցով, ապա կարվի ուժի կիրառման միջոցով։ Այս քայլը, որը դեռեւս ամբողջական լայնամասշտաբ գործողությունների չի վերածվել, բայց բավականին մեծ ուղղություններ է ներառում, Հայաստանին մի կողմից զգուշացում է արագացնելու գործընթացը, մյուս կողմից՝ ըստ հնարավորության, Ադրբեջանի համար մի քանի կարեւորագույն հարցերի կարգավորում։

-Այսօր Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ Ադրբեջանը նոր բարենպաստ դիրքեր է գրավել։ Ո՞ր ուղղություններով է դա տեղի ունեցել, եւ ի՞նչ վտանգ կա։

-Ադրբեջանը փաստացի հարձակում է իրականացրել ամենահարավային Նռնաձորից, որը շատ մոտ է Իրանի սահմանին, մինչեւ Արտանիշ հատվածը։ Գլխավորապես նպատակ կա ոչ միայն բուն բնակավայրերի նկատմամբ կամ զուտ հողային առումով վերահսկողություն կամ բռնազավթում իրականացնելու, այլեւ համոզված եմ, որ յուրաքանչյուր իրողությամբ կոնկրետ նպատակ ունի մարտավարական կամ ռազմավարական խնդիրներ լուծելու, Հայաստանի կոմունիկացիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կամ ուժեղացնելու, ինչպես նաեւ ռեսուրսների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու համար։ Ակնհայտ է, որ մարտի ժամանակահատված է, ու նաեւ նույնիսկ պաշտոնական մակարդակով իրազեկումներ չկան, բայց բավականին մեծ խնդիրներ են ստեղծվել առաջնագծում, որոնք հղի են նոր անկանխատեսելի հետեւանքներով։

-Գրել եք՝ չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։ Երբ խոսում եք Ադրբեջանի գրոհի աշխարհագրությունից, արդյոք ելնում եք այն վարկածից, որ թշնամին ընտրել է մեկ կոնկրետ ուղղություն՝ ճեղքում կատարելու համար։

-Մարտավարական առումով այս ագրեսիան կապ ունի 2021 թ․ նոյեմբերին եւ մայիսին ադրբեջանական հարձակումների հետ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը պահեստում ունի նաեւ ռազմավարական նպատակ շատ ավելի մեծ հարված հասցնելու։ Ներկայում մի կողմից գնում է հետախուզում, թե որտեղից կա ճեղքման կամ այդ ճեղքումը շատ ավելի խորը թիկունք բերելու հնարավորություն, մյուս կողմից՝ կան մի քանի նպատակներ, որոնք քաղաքական հայտարարությունների ձեւով հնչել են՝ սկսած միջանցքից, վերջացրած Սյունիքի նկատմամբ վերահսկողությունով, եւ չպետք է բացառել, որ ինչ-որ փուլում, եթե դա նույնիսկ տեղի չունենա այս ագրեսիայի պայմաններում, Ադրբեջանը կգնա իր առավելապաշտական խնդիրների լուծման ճանապարհով։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս փուլում քաղաքական եւ ռազմական տեսանկյունից, որ չի ձեռնարկել։

-Միանգամից պետք է նշեմ, որ Հայաստանի այս իշխանությունները, եթե նույնիսկ ունենային նպատակ, ունակ չեն որեւէ ձեւով կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության խախտման այս հետեւողական ջանքերը, որ իրագործվում են Ադրբեջանի կողմից։ Սա ցույց են տվել ե՛ւ 44 օրյա պատերազմը, ե՛ւ դրան հետեւած բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ մարտադաշտում։ Եվ այս պարագայում անիմաստ է առավել խորքային դիտարկել կամ վերլուծել Հայաստանի իշխանությունների հնարավոր քայլերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter