
Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Ինչպես հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Նշվում է, որ հաջորդիվ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ: Այնուհետև աշխարհագրությունն ընդլայնվել է, և ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև այլ բնակավայրեր՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակչությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։
Մեկնաբանել