HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Վնասվել է 192 բնակելի տուն, որից 60-ը՝ ամբողջությամբ». Վաչե Տերտերյան

«Առաջին հնարավոր մոտավորությամբ բոլոր կրած վնասները քաղաքական սուբյեկտների, մարդկանց, բնակելի շինությունների մասով արդեն հաշվառված են, բայց կա, բնականաբար. անհրաժեշտություն ավելի խորքային ուսումնասիրության, կան վնասված բնակելի տներ՝ 192, որոնցից մոտ 60-ը վնասվել են ամբողջությամբ, օժանդակ կառույցներ, անասնագոմեր և այլ գյուղատնտեսական գույք, կենդանիներ։ Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, վնասվել են նաև 2 շտապօգնության մեքենաներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նա նշեց, որ եղել են հոսանքազրկումներ՝ հրետակոծությունների պատճառով, որոնք շտկվել են ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից, այս պահի դրությամբ հոսանքի մատակարարման և հեռահաղորդակցության խնդիր կա միայն Ներքին Շորժայի հատվածում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում, նրա խոսքով, կվերականգնվի։

«Ենթակառուցվածքային խնդիրներ, մեծ հաշվով, կամ այնպիսի նշանակության ինչպիսին որ կխաթարեր բնականոն կյանքը չունենք, կան լոկալ բնույթի վնասվածքներ, որոնք կարգավորվում են կամ կկարգավորվեն որոշակի ավելի հարմար պահի»,- ասաց նա։

3 մարզում՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում, մարզպետարանները, ղեկավարներն ու աշխատակազմի ներկայացուցիչները հետևում են իրավիճակին, վերջիններս պարբերաբար կապի մեջ են նախարարության հետ։

Առաջին հնարավորության դեպքում կսկսվեն տեղում մանրամասն գույքագրել բնակիչներին պատճառված վնասները։

Գույքագրման  աշխատանքները, նախարարի տեղակալի խոսքով, կատարվելու են մարզպետարանների միջոցով։ Խոսելով մարդկանց իրենց մշտական բնակության վայր վերադառնալու մասին՝ Տերտերյանը նշեց, որ դա հնարավոր կլինի լարված իրավիճակի ավարտից հետո։

Ըստ ՏԿԵՆ-ի տվյալների՝ ոչ մի քաղաքացի, որ տեղահանվել է իր մշտական բնակության վայրից, դրսում չի մնացել։

Թե որ համայնքն է ավելի շատ վնասներ կրել, Վաչե Տերտերյանը դժվարացավ նշել։ Վերջնական եզրահանգման գալու համար ավելի մանրակրկիտ ուսումնասիրության կարիք կա: Նախնական տվյալների համաձայն՝ ամենամեծ վնասները կրել է Գեղարքունիքի մարզը։ Ջերմուկում վնասվել են շենքերի ֆասադային մասերը, 3 հյուրատուն, 1 առողջարան։ Սոթքում վնասվել է վարչական շենքը, գյուղապետարանի շենք՝ Կութում։ Հարվածներ են եղել նաև որոշակի բուժհաստատությունների վրա։

Վնասների գույքագրման ամբողջական պատկերը կկազմվի իրավիճակի լավացումից հետո, հնարավորինս արագ ժամկետներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter