HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, անժխտելի է»

«Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը

-Տիկին Հայրապետյան, Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի լայնածավալ էսկալացիայով ի՞նչ խնդիր էր փորձում լուծել։ Եվ արդյոք հասա՞վ իր առջեւ դրված նպատակին։

-Նախ՝ նշեմ, որ սա ուղղակի էսկալացիա չէր, սա փաստացի ագրեսիվ հարձակում է ու պատերազմ ՀՀ-ի դեմ: Կարեւոր է, որ մենք իրերը կոչենք իրենց անուններով: Ադրբեջանը ագրեսոր պետություն է, որը հարձակվել է ՀՀ-ի վրա: Այս պահին մենք ունենք հրադադար, բայց սա, ցավոք, ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում ոչ միայն Արցախի, այլ նաեւ ՀՀ-ի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններից, ավելին՝ իրենց ռազմաքաղաքական ղեկավարությունը որեւէ կերպ դա չի թաքցնում: Օրինակ՝ դեռ 2013 թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաեւ Երեւանից, Զանգեզուրից եւ Գյոյչայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով եւ երազանքներով...»:

Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան եւ հայի հանդեպ ատելության քարոզը: Ուստի, կարող ենք տարբեր վերլուծություններ անել այս ագրեսիվ հարձակման նպատակների մասին, օրինակ, որ «միջանցք» են ուզում՝ հաշվի առնելով նաեւ հարձակման աշխարհագրությունը, կամ դրդում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել, կամ էլ երկուսը միասին ու մի բան էլ ավել: Բայց ամենակարեւորը այն փաստի արձանագրումն է, որ Ադրբեջանը ռազմատենչ պետություն է եւ դրան դիմակայելու հարցում մեզ ոչ մի թուղթ չի փրկի, դրան դիմակայելու միակ ձեւը զինված, մարտունակ բանակն է, պատրաստված հանրությունը, որը գիտի, որ շարունակ պատերազմի մեջ է, քանի որ իր հարեւանը ագրեսոր է: Սա է իրողությունը, մենք սա կամ ընդունում ենք ի գիտություն եւ դրան համարժեք կազմակերպում մեր կենսակերպը, կամ էլ ամեն անգամ նորովի ցնցվում ենք ադրբեջանական հերթական հարձակումից:

-Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերի թիրախում հայտնվել էին նաեւ ՌԴ սահմանապահների մեքենան եւ կացարանը։ Սա միտումնավո՞ր քայլ էր, թե՞ պատահականություն։

-Չեմ կարող ասել, քանի որ ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում, իսկ դավադրապաշտական տեսություններով առաջնորդվել չեմ ցանկանում: Ամեն դեպքում, տրամաբանորեն, դժվար ցանկանային միտումնավոր թիրախավորել, բայց նաեւ հաշվի առնենք, որ Արցախում ագրեսիայի գնալիս իրենք նաեւ փաստացի թիրախավորում են ռուս խաղաղապահներին, ուստի կարելի է մտածել, որ Ռուսաստանի հեղինակությանը հարվածելու համար կարող են գործողությունների գնալ: Ամեն դեպքում, տեղեկատվության սակավությունը թույլ չի տալիս հստակ վերլուծություն անել:

-Երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում․․․», մեծ բողոքի ալիք առաջացրեց թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում՝ հազարավոր մարդկանց փողոց հանելով։ Ավելի ուշ վարչապետն ուղիղ եթերում մանրամասնել է, թե մանիպուլյացիաներ են արվել իր խոսքի հետ կապված, եւ որ ոչ մի փաստաթուղթ էլ չի պատրաստվում ստորագրել։ Ինչպե՞ս հասկանալ սա։

-Ցավոք սրտի, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ցնցում է հայ հանրությանը: Ընդ որում, անհեթեթություն է նման բաներ խոսել այն իրավիճակում, երբ քո պետությունը պատերազմի մեջ է: Եթե սրանով ակնարկում էր Ադրբեջանին, որ կարող է Արցախը հանձնել՝ ՀՀ-ն փրկելու համար, ապա դա շատ անհաջող ու վտանգավոր քայլ է: Նախ՝ որովհետեւ, ինչպես նշեցի, Արցախով չեն սահմանափակվում Ադրբեջանի նկրտումները, երկրորդ՝ հենց նախորդ օրը նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասում էր, որ Ադրբեջանը այլ կերպ է մեկնաբանում ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ հավակնություններ ունի ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ: Ուստի եթե այդքանը գիտակցում է, ապա էլ ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Ո՞վ է տեսել թղթով պետության սահմաններ պահեն, դա էլ այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում բարդ ու հակասական իրավիճակ է:

Կարճ ասած, սա Նիկոլ Փաշինյանի հերթական վտանգավոր ու անհավասարակշիռ հայտարարությունն էր, որը մեծապես վնասեց մեզ: Մեր պետությունը, փաստացի պատերազմի մեջ լինելով, այսօր ներքաշված է ներքաղաքական գզվռտոցի մեջ: Պետության ղեկավարը փոխարենը փորձի իրավիճակը հարթել եւ համախմբմանն ուղղված քայլեր անել, միայն պառակտում է հանրությանը: Սա, իրոք, շատ վտանգավոր է եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա անհամարժեք է ստեղծված իրավիճակին եւ չի կարողանում լուծումներ գտնել՝ ներքաշելով Հայաստանը ավելի բարդ դրության մեջ:

-Տիկին Հայրապետյան, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ախորժակն ու անվերապահ աջակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրից՝ Թուրքիայից, արդյոք առաջիկայում սեպտեմբերյան այս էսկալացիան կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։

-Այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, անժխտելի է: Եթե դիտարկենք 2020-ից հետո Ադրբեջանի քայլերը, հնչող հայտարարությունները եւ գործողությունները, կհամոզվենք դրանում: Հայերին վիրավորող տեքստեր, հայ ռազմագերիներին մինչ օրս պատանդ պահելու քաղաքականություն, բանակի մոդեռնիզացիային ուղղված քայլեր, անթիվ զորավարժություններ, մեծամասամբ Թուրքիայի հետ համատեղ, այս ամենը գալիս են փաստելու, որ մեր հարեւան հակառակորդը չի գնում խաղաղության կառուցման ճանապարհով:

Ավելին ասեմ՝ Ալիեւի բռնապետական վարչակարգի պահպանման համար կենսական է հայի դեմ ատելության քարոզն ու շարունակական ագրեսիան՝ իր պասիվ ու ակտիվ դրսեւորումներով: Ուստի ես այս հարձակումը համարում եմ դիվերսիոն հետախուզական պատերազմ, օրինակ, ինչպիսին էր 2016-ի ապրիլյան պատերազմը: Այդ կարգի հարձակումները լայնամասշտաբ պատերազմի համար տրամադրություններ են շոշափում, նաեւ միջազգային արձագանքներ՝ հետագա քայլերը պլանավորելու համար:

Մենք պետք է ապրենք, աշխատենք ու պատրաստվենք այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեր երկրի դեմ պատերազմ սանձազերծել, ուստի մեր քայլերը պետք է միտված լինեն դրան պատրաստ լինելուն: Եթե Ադրբեջանն իմանա, որ մենք պատրաստ ենք դիմագրավել իր սանձազերծած ագրեսիային, ապա չի գնա լայնամասշտաբ պատերազմի: Եթե մենք դանթենք թվացյալ «խաղաղությամբ» կամ ժամանակավոր հրադադարներով բավարարվենք, ապա մենք ուղղակի հարցականի տակ կդնենք մեր պետության գոյությունը առհասարակ:

-Ինչպիսի՞ն է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Այս երեք օրերին խոսվում էր Բաքվում կազմակերպված հակաիշխանական բողոքի ցույցերի մասին։

-Ես առնվազն չեմ նկատել հակաիշխանական ակցիաներ, կարող եմ ասել, որ մարդաշատ թաղումներ են կազմակերպվում, որոնց հաջորդում են մասսայական երթեր՝ գերազանցապես հակահայկական կարգախոսներով եւ շիա կրոնին հատուկ որոշակի գործողություններով: Ուշագրավ է, որ անգամ Ադրբեջանի խորհրդարանում քննարկումներ կային, թե ինչու են կրոնական նման դրսեւորումներ տեղ գտնում թաղումների ժամանակ: Այս ամենն, իհարկե, կարող է անհանգստացնել իշխանություններին: Բայց նաեւ նշեմ, որ Ալիեւի բոլոր քննադատները գերազանցապես ապրում եւ աշխատում են Ադրբեջանից դուրս:

Ավելին՝ վերջերս Ադրբեջանի խորհրդարանը նոր սահմանափակումներ է մտցրել կուսակցությունների մասին օրենքի եւ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ինչը ավելի է դժվարացնում այդ ավտորիտար վարչակարգի դեմ պայքարը: Չեմ բացառում, որ ադրբեջանական հանրության ներսում դժգոհություն լինի, քանի որ մեծաթիվ զոհեր ունեն, բայց փաստը մնում է փաստ, որ այդ հանրության ուղեղը տասնամյակներ շարունակ թունավորել են հայի հանդեպ ատելության քարոզով եւ քնած հային կացնահարողին հերոսացնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter