ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները. պետքարտուղար Բլինքեն
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը սեպտեմբերի 15-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել «ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար»։ Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները՝ նշելով, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ուղին է, և որ ինքն անձամբ է զբաղվելու։
Վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Բլինքենին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաեւ սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման օրը։ Պետքարտուղարը զանգահարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ, ըստ մամուլի հաղորդագրության, նրան կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։
Մեկնաբանել