Փաշինյան․ «ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից»
Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմն, ըստ էության, պահպանվել է։ Զինված ուժերը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրը։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա․ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին, և ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ»։
Փաշինյանը շեշտեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ եղել։
«Երեկ երեկոյան ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրության կենտրոնում»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հայտնեց՝ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել