
«Ամենամեծ վնասը կրել է Գեղարքունիքի մարզը». ԱԻՆ նախարարի տեղակալ
«Այս պահին Գեղարքունիքի մարզում Վերին Շորժա, Կութ, Սոթք և Այրք բնակավայրերում ունենք ընդհանուր առմամբ 195 վնասված շենք-շինություն, որոնց թվում են տներ, գյուղատնտեսական նշանակության շենք-շինություններ, բուժկետ, ավտոլվացման կետ, անասնագոմեր և այլ օժանդակ շինություններ։ Ունենք ընդհանուր առմամբ 150 հա ցորենի, գարու ցանքատարածությունների, խոտհարքերի վնասում։ Մարզում ունենք նաև հոսանքալարերի վնասում, Վարդենիս քաղաքում վնասվել է Չարենցի փողոցը, կան նաև վնասված մեքենաներ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Սյունիքի մարզում հիմնական վնասները եղել են Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Նորավան և Աղիտու բնակավայրերում։
Վնասվել է ընդհանուր առմամբ 5 շենք-շինություն՝ 4 տուն, 1 հանդիսությունների սրահ։
Վնասվել են նաև բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը՝ մասնավորապես՝ Վաղատուր բնակավայրում վնասվել է նաև գազամատակարարման գիծը։
Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, վնասվել է ընդհանուր 9 շենք-շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան։
«Հրշեջ փրկարարական ջոկատը այս մարզում ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը, ինչպես նաև վնասվել է ճոպանուղին սպասարկող վարչական շենքը, վնասվել են ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբար ընկել է երկու արկ, ու վնասվել են մեր քաղաքացիների անձնական մեքենաները, ընդհանուր առմամբ հարվածային ալիքներից վնասվել են բազմաթիվ շենքերի պատուհաններ»,- ասաց Համբարյանը։
Հրետակոծության պատճառով մի շարք խոտածածկ և անտառածածկ տարածքներում մասնավորապես Սյունիքի մարզում՝ 5 խոտածածկ տարածք, Վայոց Ձորի մարզում Ջերմուկի մոտակայքում՝ 7 խոտածածկ տարածք և 3 անտառապատ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ: Համբարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ բոլոր հրդեհները մարված են՝ բացառությամբ 1 ծխացող հատվածի, որը գտնվում է Ջերմուկի անտառների շրջանում, այն դիտարկվող տարածք է, աշխատանքներ տարածքում չի իրականացվում անվտանգության նկատառումներից ելնելով: Ըստ նախարարի տեղակալի՝ օջախն իրենից վտանգ չի ներկայացնում, այն հիմա միայն ծխում է։
Խոսելով այս օրերին ԱԻՆ-ի կրած վնասների մասին՝ Դավիթ Համբարյանը նշեց, որ Ջերմուկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի տեղակայման շենքը եղել է թշնամու ուղիղ նշանառության տակ ու վնասվել է, վնասվել է նաև մի տեխնիկա, բայց, բարեբախտաբար, ԱԻՆ-ի մասով կրած վնասներն այդքանով սահմանափակվել են։
Համբարյանը խոսեց նաև փրկարարական աշխատանքների ժամանակ գերեվարված ԱԻՆ աշխատակցի մասին, նշելով, որ ինչ-որ պահի վերջինիս հետ կապը կորել է, բայց երեկ երեկոյան գերիների փոխանակման ընթացքում աշխատակցին վերադարձրել են ու այսօր արդեն նա անցել է աշխատանքի։
«Ըստ էության ամենաշատը տուժել է Գեղարքունիքի մարզը, այստեղ մենք ունենք ընդհանուր առմամբ 195 շենք-շինությունների պատճառված վնաս, մյուս երկու մարզերում վնասներն անհամեմատ փոքր են»,- ասաց նա։
Դավիթ Համբարյանը տեղեկացրեց նաև, որ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք կարող են կապ հաստատել 911 հեռախոսահամարով։
Մեկնաբանել