HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան. «Բաքուն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի սահմանին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանն ավարտել է «ռազմական գործողությունը»։ Այդ մասին Мilliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Սամարղանդից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ շփման ժամանակ։ 

Էրդողանը կրկնել է ադրբեջանական այն կեղծ թեզը, որ բախումներն «սկսվել են Հայաստանի կատարած սադրանքից հետո»։ «Եվ հիմա, երբ ավարտվել է գործողությունը, իմաստ չունի այն քննարկել։ Համաձայն տեղեկատվության, որը ես ստացել եմ պարոն Իլհամից, մեր ադրբեջանցի եղբայրները ներկայումս գտնվում են անվտանգ դրության մեջ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը Հայաստանին կոչ է արել «կատարել իր բոլոր նախորդ պարտավորությունները և որքան հնարավոր է արագ կենտրոնանա խաղաղության ու համագործակցության վրա»։ «Մենք ցանկանում ենք, որ կարգավորման գործընթացները, որոնք իրականացվում են մեր տարածաշրջանում, հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովվեն մշտական հիմունքներով»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Այս օրերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթանում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին բացի անդամ երկրների առաջնորդներից, մասնակցում էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Դրա շրջանակներում տեղի էր ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե, իբր, «ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չէին ցանկանում, որ լայնամասշտաբ պատերազմ լինի»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տվյալներով զոհերի հաստատված թիվը 135 է։ «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter