HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Որ պապան ողջ լիներ, ուրբաթ օրը տուն կգար». փոխգնդապետ Խորեն Օհանյանը զոհվել է հրադադարի օրը

Արմինե Մնացականյանը Hadrut’s Bakery հրուշակեղենի կրպակի ցուցափեղկերին դրված թխվածքներն է դասավորում ու մեզ պատմում Հադրութում թողած տան մասին։ 4-րդ ամիսն է, ինչ նա աշխատում է այստեղ։

«Հադրութս Բեյքրին» նրա հարազատները՝ Նարինե և Իրա Սարգսյաններն են բացել Երևանում՝պատերազմից հետո։ 

«Որոշեցի աշխատեմ, համ տնից դուրս գամ, մտքերս փոխվեն, համ էլ երեխաներիս պահելու համար, պետք է մի բան անեի»,-ասում է Արմինեն։

Արմինեի ամուսինը՝ փոխգնդապետ Խորեն Օհանյանը, զոհվել է  44-օրյա պատերազմում։

Պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին՝ուրբաթ օրը, Խորեն Օհանյանը դիրքերից տուն էր եկել։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան տագնապ հրամանով նորից բարձրացել էր դիրքեր։ Նրա որդին՝ 10-ամյա Արտյոմը, բոլորից լավ գիտեր հոր հերթափոխի օրերն ու զարմացել էր, թե ինչու հայրը նորից գնաց, դեռ օրը չէր։

 Նրա կինն ու երկու որդիները՝ 13-ամյա Ռոբերտն ու 10-ամյա Արտյոմը, սեպտեմբերի 28-ին տեղափոխվել էին Երևան։ 

Խորեն Օհանյանը կոչումով փոխգնդապետ էր, Հադրութի գնդի առաջին գումարտակի հրամանատարը։ Նա զոհվեց զինադադարի օրը՝ նոյեմբերի 10-ի գիշերը, ԱԹՍ-ի հարվածից Մարտունի-Ճարտար հատվածում։

Խորենի ընտանիքը վերջին տարիներին ապրում էր Հադրութում, ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից են։ 

Պատերազմի ավարտից հետո Արմինեն որդիների հետ Կոմիտասում վարձով էր բնակվում, տանտերը որոշել է բարձրացնել վարձավճարը ու 110 000-ի փոխարեն Արմինեին առաջարկել նույն բնակարանը 250 000 դրամով։ Քանի որ հնարավորություն չուներ, Արմինեն հանձնել է բնակարանը ու մոտակայքում վարձել մեկսենյականոց մեկ այլ բնակարան, որի համար վճարում է 150 000 դրամ։

Արմինեն բնակարանի գնման 20 մլն դրամի սերտիֆիկատ է ստացել, այժմ տուն է փնտրում։

Ասում է՝ շատ կուզեր Արցախում ապրել, բայց անհանգիստ է։

«Շատ կուզեի, հա, ես էլ կուզեի մենք մեր Արցախում ապրեինք, բայց ի՞նչ իմանաս՝ վաղն ինչ կլինի, ես մենակ եմ իմ երկու էրեխու հետ, ո՞նց դուրս գամ, ի՞նչ անեմ, հարցեր ա, որի լուծումը չկա։ Բացի այդ, Խորենը Եռաբլուրում ա, մենք համարյա ամեն օր գերեզման ենք գնում, մեր ընտանիքի մի մասն արդեն էնտեղ ա»,-ասում է Արմինեն։

Պատերազմի օրերին ամուսնու հետ խոսելիս Արմինեն վստահ է եղել՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի, Խորենը միշտ կնոջը հավաստիացրել է, թե ապահով տեղում է։

«Ես էի ջղայնանում, ասում էի՝ Խորեն, էնպես ես խոսում, ասես ոչ մի բան չկա, միշտ տրամադրությունդ լավ, միշտ դուխդ տեղը, ասում էր՝ որ տխրեմ, ի՞նչը կփոխվի, բա որ ես տխրեմ, էս զինվորները դուխաթափ չեն լինի՞, ես պիտի օրինակ ծառայեմ, չէ՞»,-վերհիշում է Արմինեն։

Խորենի գտնվելու վայրերի մասին ոչինչ հայտնի չի եղել, երբ Արմինեն հարցրել է, ամուսինը պատասխանել է. «Կարևորը՝ ողջ եմ, որ ասեմ, ի՞նչ պիտի փոխվի»։

Ամուսնու զոհվելուց հետո զինակից ընկերներից են տեղեկացել, որ Խորենը պատերազմի օրերին եղել է Հադրութում, ապա Մատաղիսում ու Մարտունիում։

Արտյոմը մինչ օրս հիշում է հոր հերթաափոխի օրերը, Խորենը սովորաբար ուրբաթ օրերին էր դիրքերից տուն գալիս, մորն ու եղբորը հիշեցնում է՝ եթե հայրը ողջ լիներ, ուրբաթ տուն կգար։

Արմինեն ու որդիներն ամեն օր այցելում էին Խորենի գերեզմանին։ «Հետո որոշեցինք, որ օրումեջ գնանք, մեկ-մեկ ես իրենցից թաքուն գնում էի, հետո նկատում էին, ասում էին՝ բա ու՞ր էիր էսքան ժամանակ, հիմա արդեն ամեն շաբաթվա սկզբում ու վերջում ենք գնում, դե համարում ենք, որ մեր տան կեսն արդեն էնտեղ է»,-ասում է Արմինեն։

Արտյոմն ու Ռոբերտն այս ամառ ճամբար էին գնացել։ Օգոստոսի 10-ին Ռոբերտը ջոկատավարին խնդրել է զանգել մորը, ասել է՝ հիշեցնելու բան ունի։ Ջոկատավարը զանգել է, Ռոբերտը Արմինեին հիշեցրել է, որ ամսի 10-ն է ու մայրը պիտի գնա Եռաբլուր։

«Համ սիրտս փշուր-փշուր եղավ, համ հպարտացա, որ էդքան բանը հասկանում է ու հայրն իր համար էդքան կարևոր է»,-ասում է Արմինեն։

 Ամուսնու հետ Արմինեն վերջին անգամ խոսել է նոյեմբերի 9-ի երեկոյան, ժամը 21։00-ին։ Իրեն բնորոշ հանգստությամբ Խորենը կնոջն ասել է, որ ամեն ինչ կարգին է, Մարտունիում է։ Այդ օրը երկար են խոսել, Խորենը բոլորի մասին հարց ու փորձ է արել, հետո կնոջն ասել, որ շուտով իրեն հեռուստացույցով ցույց են տալու։ 

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ստացավ, բայց դե դա ինձ պետք չի, ինձ ինքն էր պետք, որ կողքիս լիներ, որ մեր երեխաներին իրենց նպատակին հասցնեինք..»,-Խորենի նկարները թերթելով՝ պատմում է Արմինեն։

Խորեն Օհանյանը 36 տարեկան էր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի էր անցել Իվանյանի զորամասում, ապա՝ Հադրութի գնդում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter