HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՃԵԿ խախտումները կազդեն ԱՊՊԱ պայմանագրի արժեքի վրա․ նախագիծ

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին փոխանցել վարորդների կատարած ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների և տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչն էլ կարող է ազդել ԱՊՊԱ պայմանագրի արժեքի վրա։ Կառավարության այս որոշման նախագիծը Ավտոապահովագրողների բյուրոն հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և բոնուս-մալուս գործակիցների մեծությունները: Գործող օրենսդրությամբ՝ բոնուս-մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։

ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում միայն դրվել է ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։

Սակայն 2023 թվականից՝ Բյուրոն նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նախատեսվում է վերանայել բոնուս-մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց վարած ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված բալերի քանակը։ 

Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի՝ այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող բալերի կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանության արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter