HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը օտարերկրացիներին հեշտացված կարգով քաղաքացիություն կտրամադրի

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են օտարերկրացիներին ռուսական քաղաքացիության հեշտացված կարգով տրամադրման օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման օրենսդրական նախագիծը։ Պետդումայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ փոփոխության հեղինակներ են դարձել բոլոր խմբակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը, որի գլխավորած հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել այս նախագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ առանց կացության քարտի, հեշտացված կարգով ռուսական քաղաքացիություն կարող են ստանալ «ՌԴ Զինված ուժերում, այլ զորքերում կամ զինվորական կազմավորումներում առնվազն 1 տարի զինծառայության անցման վերաբերյալ պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները»։ Գործող օրենսդրության համաձայն՝ զինվորական պայմանագրով անհրաժեշտ էր ծառայել առնվազն երեք տարի։

Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է հինգ տարուց մինչև մեկ տարի կրճատել զինվորական ծառայություն անցնելու մասին առաջին պայմանագիրը, որը կնքվում է օտարերկրյա քաղաքացու հետ՝ զինվորի, նավաստու, սերժանտի և ավագի կոչումներով զինծառայության անցնելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանում նախօրեին հայտարարվել էր մասնակի զորահավաք՝ փաստացի, ռուսական կողմը փորձում է օրինական հիմունքներով նոր մարդկանց, հատկապես արտասահմանցիների, ներգրավել Ուկրաինայի դեմ վարվող մարտական գործողություններին։ Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում տարածվում են կադրեր, թե ինչպես են ռուսաստանցիները զորահավաքի հայտարարումից հետո զանգվածաբար լքում Ռուսաստանը։ Մեծ խցանումներ են գոյացել այդ երկրի ցամաքային գրեթե բոլոր անցակետերում, սպառվել են առաջիկա օրերին դեպի Երևան և մյուս մայրաքաղաքներ, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել առանց վիզայի, թռիչքների բոլոր տոմսերը, որոնց մեծ մասը վաճառվում էին ինքնարժեքից մի քանի անգամ ավելի բարձր գնով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցում են, իբր, միայն ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայողները, և մեծ է հավանականությունը, որ այն օտարերկրացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, որոնք կդիմեն ՌԴ քաղաքացիություն ստանալու այս տարբերակին, հնարավոր է հայտնվեն Ուկրաինայում՝ մասնակցելու այդ երկրի դեմ մղվող պատերազմական գործողություններին։ 

Լուսանկարը՝ Reuters / Scanpix

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter