
Պետգնումները Վայքում․ «Հետքի» հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Վայքի համայնքապետարանի և համայնքի ղեկավարի կնոջը պատկանող ընկերության միջև կնքված գնման պայմանագրերի մասին «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է դատախազության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք՝ 2022թ․ օգոստոսի 11-ի մեր հոդվածում գրել էինք, որ Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի, 2022 թվականի ընթացքում 4 պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող՝ «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 537 միլիոն դրամ, և այդ գումարի դիմաց ընկերությունը պարտավորվել է Վայք համայնքի բնակավայրերում տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ կատարել։ Ընդ որում՝ մինչև համայնքի ղեկավար ընտրվելը (2021թ․ դեկտեմբերի 5-ին), հենց Մխիթար Մաթևոսյանն է եղել այդ ընկերության միակ սեփականատերը։
Հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության գլխավոր վարչությունում, որի արդյունքներով, ինչպես հայտնել է դատախազության հանրային կապերի բաժինը, սեպտեմբերի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Ներկայացված հաղորդումից հետո Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սեպտեմբերի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս և կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Վայոց ձորի մարզի դատախազի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ քրեական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Այլ մանրամասներ դատախազությունը չի հաղորդել։
Մեկնաբանել