HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի բնակիչները 8 տարի է՝ կանոնավոր խմելու ջուր չունեն

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ Ռեվիկ Դավայանն ասում է՝ ամռանը, երբ դրսից տուն է մտնում, ընտանիքի անդամների առաջին հարցն է․ «Պապ, ջրից նորություն կա՞»։ 

Փողոցը գտնվում է քաղաքը սնուցող ջրամբարից մոտ 100 մետր հեռավորության վրա, բայց 1-24 տների բնակիչները ջուր չունեն։ Ռեվիկ Դավայանի որդին՝ Վահան Դավայանն ասում է․ «Ջրամբարը մեր վերևն է, մենք ծարավ կմնանք, բայց սաղ քաղաքը ջուր ունի»։ Նա նշում է, որ ջուրը գիշերային ժամերին է հասնում իրենց փողոց. «Երեկ սաղ գիշերը նստա, որ ժամը 3-ին հազիվ ջուրը գա, լողնամ, քնիմ»։ Ընտանիքը բաղկացած է 11 անձից, կան նաև մանկահասակ երեխաներ, որոնց մանկապարտեզ չեն կարողանում ուղարկել, քանի որ լողացնելու հնարավորություն չունեն։

Բնակիչների խոսքով՝ այս խնդիրը քաղաքում ծագել է ջրամատակարարման ցանցը փոխելուց ի վեր։ Խնդիրն առավել սրվում է ամռան ամիսներին։ Բնակիչներից Սոնա Աղաջանյանն ասում է, որ շաբաթներով ջուր չեն ունենում։ «Ցերեկներն էլ նախ չիդենք՝ երբ կարող է տան, երբ կարող է անջատեն։ Բայց եղած դեպքում էլ էնքան կամաց է, որ տաք ջուր բացարձակ չի միանա։ Ես արդեն էնքան եմ հույսս կտրե, որ գոնե շատ կամաց ջուրը տան, բայց իմանաս, որ ցերեկը ջուր կա»,- ասում է նա։

Կամոյի փողոցը քաղաքի գլխավոր փողոցից թեքության վրա է։ Բնակիչներից Ջանիբեկ Սահակյանն ասում է՝ երբ տարիներ առաջ եկել են ջրագծերը փոխելու, ինքը և հարևաններից մի քանիսն ասել են աշխատանքներ իրականացնողներին, որ սխալ են կառուցում ջրագիծը, և այդ թեքության վրա ջուրը ուղիղ կհոսի քաղաք՝ չթեքվելով իրենց փողոց։ Սակայն իրենց հորդորներին ոչ մեկն ուշադրություն չի դարձրել։

Ջանիբեկ Սահակյանի կինը՝ Պալինա Մանուկյանն, ասում է՝ ջրագծերը փոխելուց հետո 2 ամիս շարունակ ջրամատակարարումը շատ լավ է եղել, սակայն արդեն 8 տարի է՝ այս խնդրի առաջ են։

Հիշում է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների խոստումները, որ պայմանագրով էլ ամրագրված է․ «Մեզի ըսեցին՝ օրը 24 ժամ ջուր բդի ունենաք»։ Մեզ ուղեկցում է խոհանոց՝ ցույց տալու ծորակը, որից ջուրը կաթում է, լվացարանում հավաքված սպասքը և գազի ջրատաքացուցիչը, որը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Ապա ցույց է տալիս բակի ծաղիկները, որոնք ջրի պակասից չորացել են։

Բնակիչները շարունակ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, երբեմն անպատասխան են մնացել, երբեմն խոստումներ են ստացել, բայց հարցը վերջնականապես չի լուծվել։

«Վեոլիա ջուր» ընկերության փոխանցմամբ՝ Արթիկում ջրագծերը փոխվել են 9-10 տարի առաջ, իսկ համայնքապետարանի տվյալներով՝ 7-8 տարի առաջ։ «Վեոլիա ջուրը» հայտնում է, որ ջրագծերը փոխվել են գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացված ներդրումային ծրագրի շրջանակներում, իսկ Արթիկի համայնքապետարանը հայտնում է, որ այդ աշխատանքները կատարել է «Արտեզյան» ՍՊԸ-ն։

Արթիկի համայնքապետարանը հայտնեց նաև, որ քաղաքում ոռոգումը կատարվել և կատարվում է խմելու ջրով։ «Այդ խնդիրը կա և ամռան ամիսներին ավելի արտահայտիչ է դառնում»,- նշում են համայնքապետարանից։

«Վեոլիա ջուր» ընկերությունը, ի պատասխան մեր հարցման, հայտնեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ջրի սպառման ծավալների աճի հետևանքով Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի որոշ հասցեներում, որոնք ունեն ավելի բարձր տեղադիրք, քան թաղամասին ջուր մատակարարող օրվա կարգավորիչ ջրամբարը, ժամանակ առ ժամանակ արձանագրվում են ջրամատակարարման ժամանակացույցի շեղումներ։

«Դրանք նվազագույնի հասցնելու համար ընկերության աշխատակիցները «Կոմիտասի ՕԿՋ»-ում տեղադրել են d=200մմ լողանային փական, ինչի արդյունքում բարձրադիր գոտում գտնվող հասցեների ջրամատակարարումը որոշակիորեն բարելավվել է»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը «Հետքի» հարցմանը պատասխանեց մոտ 2 շաբաթ հետո։ Բնակիչներից Սոնա Աղաջանյանն ասաց, որ այդ ընթացքում են իրականացվել լողանային փականի տեղադրման աշխատանքները, և իրենց տանը ջրամատակարարումը լիովին վերականգնվել է։ Մինչդեռ Ռեվիկ Դավեյանի խոսքով՝ երկու օրով կարգավորվել է ջրամատակարարումը, բայց հիմա նույն իրավիճակն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter