Արմավիրի մարզում աշակերտների թիվն ավելանում է
Այս տարի Արմավիրի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներն ունեն առաջին դասարանցիներ: Մարզում 19-ով ավելացել է նաև առաջին անգամ դպրոց հաճախողների թիվը: Եթե նախորդ ուսումնական տարվա սկզբին առաջին դասարանցիները 3657-ն էին, ապա այս տարի՝ 3676:
«Չունենք դպրոց, որտեղ առաջին դասրանցի չլինի: Նույնիսկ ամենափոքր դպրոցներում առաջին դասարանցիներ կան»,-ասում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:
Վարչության պետը նշեց, որ եթե նախորդ տարի մարզի Արտամետ համայնքի դպրոց հաճախել է մեկ առաջին դասարանցի, ապա այս տարի 5 առաջին դասարանցի կա, Տալվորիկում 2-ն են, Լեռնամերձում՝ 4-ը:
Ավելանում է նաև մարզի ընդհանուր աշակերտների թիվը: Մասնավորապես, եթե 2020թ. սեպտեմբերին մարզի 111 հանրակրթական դպրոցներում սովորում էր 35,291 երեխա, ապա 2021թ-ին՝ 35,584, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ 35,846 երեխա:
Սոնյա Բուդաղյանը նշեց, որ աշակերտների ընդհանուր թվի ավելացումը պայմանավորված է ներքին տեղաշարժերով: Բացի այդ, 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցի երեխանրի մի մասը ևս տեղավորվել են մարզի հանրակրթական դպրոցներում, ինչն էլ էական ազդեցություն է ունեցել ընդհանուր թվի ավելացման վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել