HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց

Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց։ Հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ ուկրաինացիների տարածքային առավելությամբ, թեպետ մեր ընտրանին չէր փակվել սեփական կիսադաշտում և մերթընդմերթ լուրջ խնդիրներ էր ստեղծում մրցակցի դարպասին։ Ավելին, արդեն 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հաշիվը բացելու լավ հնարավորություն ստացավ։ Խաղադաշտի կենտրոնում Լուկաս Սելարայանը օգտվեց ուկրաինացիներ սխալից և գնդակով շարժվեց տուգանային հրապարակ, սակայն Սելարայանի հարվածը այդքան էլ հաջող չստացվեց, ու դարպասապահը հետ մղեց գնդակը։ Այնուհետև ևս մեր ընտրանու ֆուտբոլիստները պարբերաբար սուր գրոհներ էին կազմակերպում, սակայն արդյունքի հասնել չէր ստացվում։ Փոխարենը 22-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականը գեղեցիկ կոմբինացիա խաղարկեց և բացեց հանդիպման հաշիվը, աչքի ընկավ Ալեքսանդր Տիմչիկը։ Սա առաջին կեսում խփված միակ գնդակն էր։ 

Երկրորդ խաղակեսն առավել վատ սցենարով դասավորվեց մեզ համար, քանի որ ուկրաինացիները հանգիստ վերահսկում էին ամբողջ խաղը և դաշտում անում էին այն, ինչ ցանկանում էին, իսկ մեր հավաքականի հազվադեպ հակագրոհները իրենցից վտանգ չէին ներկայացնում։ Արդեն 57-րդ րոպեին հյուրերը կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Զուբկովը։ Այս գոլից հետո Խոակին Կապառոսի սաները կարելի է ասել, որ հանձնվեցին և ալևս ոչինչ չէին կարողանում հակադրել մրցակցին, իսկ մրցակիցը 69-րդ րոպեին մեծացրեց իր առավելությունը, Արտյոմ Դովբիկը 3-րդ գնդակն ուղարկեց Հայատանի հավաքականի դարպասը։ 81-րդ րոպեին Դանիլո Իգնատենկոն հաշիվը դարձրեց 4։0, իսկ 84-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը խփեց 5-րդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ և դնելով հանդիպման վերջակետը։

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի խաղարկության նախորդ 4 տուրերում Հայաստանի ազգային հավաքականը տարել էր 1 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Այսպիսով, կայացած 5 տուրերից հետո մեր ընտրանին ունի 3 միավոր և շարունակում է եզրափակել Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։

Վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter