
Իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում 16 համայնքից առավելություն ունի 9-ում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են երեկ՝ սեպտեմբերի 25-ին, 8 մարզի 17 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունների արդյունքները: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 17 համայնքից համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցել է 16-ում: Առավելագույն թվով քվեներ ստացել է համայնքներից 9-ում:
Նշենք, որ ընտրություններն անցկացվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ, քանի որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնք է: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Սույն հոդվածում կանդրադառնանք համեմատաբար խոշոր համայնքներին:
Արագածոտնի մարզի Թալին համայնքում ընտրողների քվեների մեծ մասը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ), որի ցուցակի առաջին համարը Թալինի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանն է: Հավանաբար նա էլ կստանձնի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը:
Ընտրություններին մասնակցում էր հինգ քաղաքական ուժ՝ «Կայունություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Ապրելու երկիր» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություները:
ՔՊ-ն ստացել է 7990 քվե, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2323:
Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 13-ին որոշում էր կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
2022թ. փետրվարի 8-ից Թալին համայնքի ավագանու նիստեր չէին հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չէր ստանձնել:
Թալին խոշորացված համայնքի կազմում 29 բնակավայր կա։ Խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները կայացել էին 2021թ. դեկտեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցել էր 4 քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:
Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ էր ստեղծվել: Ամենաշատ քվեները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն կամ 46.63 %:
Ավագանու 21 մանդատից 10-ը բաժին էր հասել ՔՊ-ին, բայց քանի որ չուներ մեծամասնություն (պետք է ունենար առնվազն 11 մանդատ), այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ մյուս քաղաքական ուժերի հետ, և ավագանու նիստերը տապալվել էին, ինչն էլ հանգեցրեց արտահերթ ընտրությունների:
Մարզի Ծաղկահովիտ համայնքում ևս հաղթել է իշխող ՔՊ կուսակցությունը՝ ստանալով 2299 քվե: Կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնում է Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանը:
Այս համայնքում ընտրությանը մասնակցում էր չորս քաղաքական ուժ՝ ՔՊ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները և «Հզոր համայնք» դաշինքը: Վերջինս զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 1327 քվե:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրությանը մասնակցել է 7 քաղաքական ուժ՝ ՔՊ, «Մեկ Հայաստան», «Ապրելու երկիր», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», ՀՅԴ կուսակցությունները, «Աշխատանք և արդարություն», «Զարգացող համայնք» դաշինքները:
Առավելագույն թվով քվեներ ստացել է ՔՊ-ն, որի առաջին համարը Արմեն Հակոբջանյանն է:
Քաջարանում հաղթել է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի միասնություն» դաշինքը՝ ստանալով 3127 քվե: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, իսկ երրորդում՝ «Հանրապետություն» կուսակցությունը:
Տավուշի մարզի Բերդ համայնքում երեք քաղաքական ուժերից ընտրությանը հաղթել է «Զորավար Համայնք» դաշինքը, երկրորդ տեղում ՔՊ-ն է, երրորդում՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում համայնքային իշխանությունը ստանձնելու համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Համայնքում 10 833 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 5374 մարդ, որոնցից 5257-ը կողմ է քվեարկել կուսակցությանը:
Կուսակցության առաջին համարը զբաղեցրել է Վազգեն Ադամյանը:
Լոռու մարզի Ալավերդի համայնքում առավելագույն քվեները ստացել է «Ապրելու» երկիր կուսակցությունը՝ ստանալով 6791 ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 6557 քվեով:
Ալավերդիում ընտրություններին մասնակցել են 4 քաղաքական ուժեր՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:
Քանի որ որևէ կուսակցություն չի ստացել ձայների 50%-ից ավելին, հավանաբար Ալավերդիում կոալիցիա է ձևավորվելու:
Նույն մարզի Տաշիր համայնքում իշխանական ՔՊ կուսակցությունը ևս պարտվել է: Այստեղ ընտրությանը մասնակցել է երկու քաղաքական ուժ՝ ՔՊ և «Միասնական համայնք» դաշինքը: Վերջինիս օգտին քվեարկել է 5904 ընտրող, իսկ ՔՊ-ի՝ 2376:
ՔՊ-ն պարտվել է նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում: Այստեղ առավելագույն ձայներ ստանալու համար պայքարում էին ՔՊ, «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Միասնական համայնք» դաշինքը: Վերջինս ստացել է առավելագույն թվով քվեներ՝ 6812 ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ ստացած 5571 ձայնով:
«Միասնական համայնք» դաշինքի առաջին համարը Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանն է:
Մարզի Բյուրեղավան համայնքում հաղթել է «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2079 քվե: Երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ ստացած 1247 քվեով:
Ընտրությանը մասնակցել են նաև «Արդար Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները:
«Միասնություն» դաշինքի ցուցակի առաջին համարը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը:
Շիրակի մարզի Անի համայնքում առաջատարը «Ազգ-համայնք» դաշինքն է՝ 3763 քվեով: Կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:
Երկրորդ տեղում ՔՊ-ն է: Վերջինիս օգտին քվեարկել է 3032 ընտրող: Ընտրությանը մասնակցած երեք քաղաքական ուժերից հաջորդը «Ազգային երազանք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 1037 ընտրող:
Լուսանկարը՝ արխիվային, «Հետք»
Մեկնաբանել