
Կառավարությունը որոշեց Թալինում անցկացնել արտահերթ ընտրություններ. արդեն ծախսվել էր 34 մլն դրամ
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Կառավարությունն առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:
Հիմնավորումներում նշված էր, որ 2022թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Օրեր առաջ «Հետք»-ը գրել էր, որ Թալինում ստեղծված իրավիճակը հանգեցնելու է արտահերթ ընտրությունների:
Թալին խոշորացված համայնքի կազմում 29 բնակավայր կա։ Խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները կայացել էին 2021թ. դեկտեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցել էր 4 քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:
Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ էր ստեղծվել: Ամենաշատ քվեները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն կամ 46.63%:
Ավագանու 21 մանդատից 10-ը բաժին էր հասել ՔՊ-ին, բայց քանի որ չուներ մեծամասնություն /պետք է ունենար առնվազն 11 մանդատ/, այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ մյուս քաղաքական ուժերի հետ, և ավագանու նիստերը տապալվեցին:
Դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ, ըստ ԿԸՀ-ի տրամադրած տեղեկատվության, ծախսվել էր մոտ 34 մլն 649 հազ. դրամ: Թալինում ձևավորվել էր 32 տեղամասային ընտրական հանձնաժողով:
2021թ. դեկտեմբերի 17-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Զարթոնք» խմբակցությունը որոշել էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության Թալին համայնքի ավագանու անդամների ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Մնացական Մնացականյանին առաջադրել Թալին համայնքի ղեկավարի թեկնածու: Սակայն, Մնացական Մնացականյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ հայտարարելով, որ պաշտպանելու է «Հայք» խմբակցության թեկնածուին:
«Հայք» խմբակցությունն էլ որոշել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Կարեն Գրիգորյանին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ Դավիթ Մանուկյանին առաջադրել թեկնածու: Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Առաջադրվել էր Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: Իսկ ՔՊ կուսակցության ցուցակով ընտրված Սերգեյ Մկրտչյանն էլ առաջադրել էր կուսակցության առաջին համարը զբաղեցնող Տավրոս Սափեյանի թեկնածությունը:
Քվեարկության արդյունքներով Տավրոս Սափեյանը ստացել էր 11 ձայն, իսկ «Հայք» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկել էր «Հայք» խմբակցության առաջին համարը զբաղեցնող Կարեն Գրիգորյանը: Հենց նրա ձայնն էր որոշիչ եղել իշխանական թեկնածուի ընտրվելու հարցում: Դրանից հետո Կ. Գրիգորյանը հրաժարվել էր ավագանու անդամի մանդատից:
Դեկտեմբերի 20-ին հրավիրվել է ավագանու նիստ՝ համայնքապետի երդման և լիազորությունները ստանձնելու օրակարգով: Սակայն նիստին մասնակցել են ավագանու միայն ՔՊ խմբակցության 10 անդամները: Նույնը կրկնվել է նաև 2022թ. հունվարի 11-ի նիստին:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
Հերթական նստաշրջանը սկսվել է 2022թ. փետրվարի 8-ին, իսկ երեք ամիսը լրացել է մայիսի 8-ին: Այս ընթացքում Թալին համայնքի ավագանու ոչ մի նիստ չի կայացել, որոշում չի ընդունվել:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություն անցկացվեց նաև Արարատի մարզի Վեդի համայնքում: 2021թ. դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից ծախսվել էր ավելի քան 33 մլն դրամ:
2021թ․ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդիում ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39 %: Քանի որ մեծամասնություն որևէ քաղաքական ուժ չէր կազմում, իսկ կոալիցիա ձևավորել չստացվեց, քանի որ բոլոր տարբերակներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ Գարիկ Սարգսյանը, պետք է դառնար համայնքապետ, իշխանությունները որոշեցին գնալ նոր ընտրությունների ճանապարհով:
2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ:
2022թ. մարտի 27-ին անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ և համայնքի ղեկավար ընտրվեց Գարիկ Սարգսյանը:
Գլխավոր լուսանկարում՝ Տավրոս Սափեյանը
Մեկնաբանել