HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հոկտեմբերի վերջին կիրակին կհռչակվի Ճանապարհաշինարարի օր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը նշել որպես Ճանապարհաշինարարի օր։ Կառավարության այս որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կարևորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն և պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը և կարևորագույն դերը ճանապարհաշինական ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։

ՏԿԵՆ-ը նշում է, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակներից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվում էր Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատողների օրը, որը համարվում էր տրանսպորտի ոլորտի աշխատողների մասնագիտական տոն։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ մի շարք երկրներ պահպանեցին տրանսպորտի ոլորտի աշխատողների մասնագիտական տոն նշելու ավանդույթը՝ որոշակի վերափոխումներով։ Օրինակ՝ Ղազախստանը, ըստ ՏԿԵՆ-ի, ներկայում ամեն տարի օգոստոսի 1-ին կիրակին նշում է Տրանսպորտի աշխատողների օրը։ Բելառուսը, Ղրղզստանը և Ուկրաինան յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակին նշում են Ավտոմոբիլիստի և ճանապարհաշինարարի օրը, իսկ Ռուսաստանը (հոկտեմբերի վերջին կիրակին) և Տաջիկստանը (հոկտեմբերի երկրորդ կիրակին) նշում են Ճանապարհաշինարարի օրը։

Ինչպես ասվում է հիմնավորման մեջ, ՀՀ կառավարությունը 2021-2026թթ ճանապարհաշինության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների շրջանակներում նախատեսում է յուրաքանչյուր տարի նորոգել և հիմնանորոգել շուրջ 500 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներ։

Ներկայացված նախագծով առաջարկում է Ճանապարհաշինարարի օրը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարարհաշինարարի դերն ու կարևորությունը։ Հուշարձանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու մոտ։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter