HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան 2-րդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի օրը, Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցված «Լուսո խորան» խորագրով հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինվորների հիշատակին նվիրված արարողություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է «Լուսո խորան» կոթողի օրհնության և Արցախյան երրորդ պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան կարգ:

««Այսօր մեր քաջարի որդիների հիշատակը հավերժացնելու օր է: Մեր տղաները զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը: Մենք պարտավոր ենք հիշել, հարգել նրանց հիշատակը»,-ասել է Սահակ Վարդապետ Շաքարյանը:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմն արցախցիների կյանքը բաժանեց երկու ժամանակահատվածի՝ մինչ պատերազմ և դրանից հետո: Նա կոչ է արել բոլորին, որպես հերոսամարտիկների հիշատակին հարգանքի տուրք, համախմբվել և գործել ի շահ Արցախի զարգացման:

Ապրիլյան քառօրյայում և Արցախյան երրորդ պատերազմում երկու որդիներին կորցրած հայր Միքայել Հաջյանը մեզ հետ զրույցում ասել է,որ սեպտեմբերի 27-ը ոչ թե սգի, այլ՝ ազգի զավակների հպարտության, գաղափարների, կենսակերպի վերարժևորման օր է:

«Մեր պատմության էջերը լի են թե հերոսական, թե ողբերգական դրվագներով, սակայն պետք է մտածենք,թե ինչ ենք փոխանցում ապագա սերունդներին, և անենք ամեն ինչ,որպեսզի բաց ճակատով նայենք նրանց»,- հավելել է Մ. Հաջյանը:

Արցախի բոլոր բուհերում 44-օրյա պատերազմից հետո Փառքի անկյուն է բացվել: Արցախի պետական համալսարանում նույնպես , Փառքի անկյունը դարձել է ուսանողների հավատարմության խոստման ու երդումի վայր:

Մայր բուհի Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը ընդգծեց,որ չնայած երկու տարի անց հետո էլ չսպիացող վերքերին, արցախցին շարունակում է կանգուն մնալ:

«Մեր հերոս եղբայրների շնորհիվ է,որ շարունակում ենք ապրել ու արարել մեր վիրավոր Արցախում: Նրանց սուրբ պատգամին և երդմանը հավատարիմ՝ մենք պետք է խոստանանք,որ նրանց կիսատ գործը շարունակող արժանի հետնորդները կլինենք: Սուգը հավերժ է,եթե պայքար չկա:

Ուրեմն պետք է պայքարենք, ինքնակազմակերպվենք, միաբանվենք մեկ միասնական գաղափարի շուրջ, ազգովի մարտնչենք ու մեր հերոսների կիսատ թողած գործը շարունակենք պատվով»,- հավելել է Յու. Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական պաշտոնյաներ»,- գրել է «Արցախպրես»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter