HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի թեման բացակայում է»

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախի թեման բացակայում է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հիմքը Արցախն էր, և ըստ երկրորդ նախագահի՝ ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարող են կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ առանց Արցախի հարցը հստակեցնելու։

«Եթե այսօրվա բանակցություններում առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում կա համաձայնություն՝ լռությամբ կամ ոչ լռությամբ։ Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշում», «սուվերենություն» արտահայտությունները Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ մենք ունենք լրջագույն պրոբլեմ։ Ադրբեջանը չի թաքցնում, ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեզ հետ Ղարաբաղի մասին խոսելու ոչինչ չունենք։ Եվ ինչքան որ ես գիտեմ՝ Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ»,- նշեց երկրորդ նախագահը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի, արցախյան հարցով ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ-Մոսկվա ձևաչափով։ Քոչարյանի տպավորությամբ՝ Արցախի իշխանությունները հարմարվել են այս իրավիճակին։

«Իհարկե, իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է, ավելի շատ՝ ինքնաարդարացման։ Բացատրությունը հետևյալն է՝ ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պետք է գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության։ Վերջերս Ղարաբաղի իշխանությունները դա անում են բավական մեծ ջանասիրությամբ։ Այս ընթացքում կախվածությունը Բաքվից միայն մեծացել է։ Այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, հոսանքի և կապի ուղիներ, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ Ադրբեջանը ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի իրավիճակ ստեղծել արցախցիների համար»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ միակ դրական բանն այս գործընթացում այն է, որ հայ ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն միևնույն ժամանակ չի պայքարում դրա դեմ, քանի որ հավատում է իշխանությունների հավաստիացումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter