
Արմավիրի մարզում աղբահանության համար ծախսում են շատ, հավաքում` քիչ
Արմավիրի մարզի համայնքներում 230 հազար 654 մարդ համարվում է աղբահանության համար վճարող ֆիզիկական անձ: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ աղբահանության պայմանագիր կնքած վճարող իրավաբանական անձանց թիվը մարզում 1911-ն է:
Մարզի 7 խոշորացված և ազգային փոքրամասնությունով բնակեցված Ֆերիկ համայնքում 2022թ. աղբահանության տարեկան եկամուտը պլանավորվել է մոտ 397 մլն 92 հազար դրամ: Ընթացիկ 8 ամիսների ընթացքում աղբահանության համար պլանավորվել էր հավաքել 304 մլն 101 հազար դրամ, սակայն հավաքագրվել է մոտ 134 մլն դրամ պակաս` ընդամենը 170 մլն 240 հազար դրամ:
Ուշագրավն այն է, որ աղբահանության համար մարզի համայնքների կողմից 8 ամիսների ընթացքում արդեն ծախսվել է շուրջ 495 մլն 216 հազար դրամ: Այսինքն` ավելի շատ է ծախսվել, քան նախատեսվել էր հավաքագրել:
Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր և Ֆերիկ համայնքներում աղբահանությունն իրականացնում են համայնքների բարեկարգման ծառայությունները, Բաղրամյան և Խոյ համայնքներում՝ համայնքները և այլ տնտեսվարող կազմակերպություններ, իսկ Փարաքար և Արաքս համայնքներում՝ տնտեսվարող կազմակերպություններ:
Ուսումնասիրելով Խոյ խոշորացված համայնքի առանձին բնակավայրերի հավաքագրումները՝ պարզեցինք, որ որոշ գյուղերում աղբահանության վճարները չեն կարողացել նույնիսկ տարեկան նախատեսվածի 50%-ի չափով հավաքագրել:
Մասնավորապես, պլանավորվել է Արշալույս գյուղից տարեկան հավաքել 4 մլն 500 հազ. դրամ աղբի վճար: 9 ամսվա համար նախատեսվել է հավաքել 3 մլն 375 հազ. դրամ, մինչդեռ կարողացել են հավաքել ընդամենը 1 մլն 855 հազ. դրամ: Նույն պատկերն է նաև Այգեշատ գյուղում: Տարեկան պլանավորած 1 մլն դրամից կարողացել են հավաքել ընդամենը 174 հազ դրամ: 9 ամսվա պլանը 750 հազ. դրամ էր և այլն:
Փոխարենը կան գյուղեր, որտեղ գերակատարել են նույնիսկ տարեկան պլանավորածը: Մասնավորապես, Շահումյան գյուղում նախատեսվել է տարեկան հավաքել 200 հազ. դրամ աղբահանության գումար: 9 ամսվա պլանը կազմել է 150 հազ. դրամ: Արդեն հավաքագրվել է 358 հազ. դրամ: Ծիածան գյուղում տարեկան պլանավորվել էր 90 հազ. դրամ, սակայն հավաքվել է 311 հազար դրամ:
Խոյի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համադրումից պարզ է դառնում, որ աղբահանության գծով վճարների հավաքագրումը թերակատարվում է հիմնականում խոշոր գյուղերում:
Մեկնաբանել