HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ուսուցիչները հնարավորություն կունենան 10-50% հավելավճար ստանալու. տարակարգի շնորհման նոր համակարգը

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց՝ ուսուցիչների աշխատավարձերի բաձրացումը տեղի է ունենում ոչ թե մեխանիկորեն, այլ փոխկապակցված է ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի հետ, կա կամավոր ատեստավորման համակարգը, որի միջոցով Հայաստանը ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման ճանապարհով է գնում։

Նա նշեց, որ եղած որոշման մեջ առաջարկվող նոր փոփոխությունը ևս ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը։

«Ընդ որում՝ այս պարագայում մենք չենք խոսում նոր կարգի մասին, այսինքն՝ այս մեխանիզմը գործել է դեռևս 2012 թվականից, սակայն 10 տարվա ընթացքում այս մեխանիզմով անցել է ուսուցիչների ընդամենը 6․2 տոկոսը։ Այսինքն՝ համակարգը չի եղել արդյունավետ մի քանի պատճառներով՝ որովհետև ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի առօրյա գործունեությունը՝ նրան իբրև ուսուցիչ, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների, ինչպես օրինակ ուսուցչի  կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաների տեղ զբաղեցնելը, որոնք կարևոր ցուցանիշներ են, բայց չենք կարող ասել, որ ուսուցչի ամենօրյա դասի պլանավորման և դասի վարման հետ ուղիղ կապ ունեն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս գործել է հերթականության սկզբունքը, ըստ որի՝ նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանել է 4-րդ աստիճանի տարակարգին, հնարավորություն չի ունեցել դիմել, որովհետև դրված է եղել սահմանափակումների համակարգ՝ առաջինից երկրորդին անցնելու, երկրորդից՝ երրորդին և երրորդից՝ չորրորդին։ Ընդ որում՝ ժամկետային սահմանափակումներով։

«Ու դրա հետևանքով մենք այսօր ունենք իրավիճակ, որ 10 տարվա արդյունքում որևէ ուսուցիչ չունենք, որը կստանար 4-րդ աստիճանի տարակարգ 50 տոկոս հավելավճարով»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գործել է նաև մի սկզբունք, երբ ուսուցիչը տեղափոխվել է մի դպրոցից այլ դպրոց, նրա տարակարգը դադարել է գործել, ըստ նրա, այստեղ տրամաբանություն դժվար է գտնել, որովհետև տարակարգը բնութագրում է ոչ թե դպրոցին, այլ ուսուցչին։

Փոխնախարարը հայտնեց, որ նոր կարգով տարակարգերի մեխանիզմը փոխկապակցել են ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կամ չափանիշներին, որոնք հաստատվել են այս տարի նախարարի հրամանով։

Վերջինիս նշեց, որ այս փոփոխության արդյունքում ուսուցիչը հնարավորություն կստանա ի լրումն գործող համակարգերի՝ 10-50 տոկոս հավելավճար ստանալ 5 տարի ժամկետով։ «Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչն անընդհատ շարունակի իր վրա աշխատել և կարողանա անընդհատ ապահովել մասնագիտական զարգացումը»։

Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով թեմային, ասաց․ «Մենք եկանք այն եզրակացության, որ և՛ տարակարգերը, և՛ ատեստավորումը պետք է 5 տարին մեկ ցիկլ ունենան, և պետք է ամեն անգամ աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն։ Այսինքն՝ եթե հիմա հնարավորություն ենք ստեղծել, որ ուսուցիչը 120 հազար դրամի փոխարեն ստանա 400-450 հազար դրամ՝ տարակարգով և ատեստավորմամբ, 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազարից 1 մլն դրամ, ևս 5 տարի հետո պետք է էլի հնարավորություն ստեղծենք, մինչև այն կետը, երբ մենք համարենք, որ Հայաստանում ուսուցիչն այնքան աշխատավարձ է ստանում, որ կարելի է առայժմ այդ բարձրացման սանդղակը կանգնեցնել»։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter