HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական դատարանը պետք է ողջ ծավալով կրկին քննի Տեսչական մարմնի բաժնի նախկին պետի գործը

Վարչական դատարանը պետք է ողջ ծավալով կրկին քննի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի նախկին պետ Արթուր Բեգլարյանի գործը: Այսպիսի որոշում է կայացրել Վարչական վերաքննիչ դատարանը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Արթուր Բեգլարյանը, հիշեցնենք, Վարչական դատարանում վիճարկում էր Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի 2020թ. փետրվարի 28-ի հրամանը, որով վերջինս Արթուր Բեգլարյանի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառել, և որպես հետևանք՝ Արթուր Բեգլարյանի լիազորությունները դադարեցվել էին:

Վարչական դատարանը մեկ տարի առաջ մերժել էր Արթուր Բեգլարյանի հայցը: Արթուր Բեգլարյանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Տեսչական մարմնի ղեկավարին վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում և հատուցել աշխատավարձի չափով ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար` այն է` հեռացման օրվանից մինչև վերականգնման օրը: Վարչական դատարանի մերժումը նախկին պետը բողոքարկել էր:

Մեկ տարի տևած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը հօգուտ Արթուր Բեգլարյանի է որոշում կայացրել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցադիմումով ներկայացված հիմք-հիմնավորումների շրջանակներում առաջին ատյանի դատարանը չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչը բավարար է բողոքարկվող դատական ակտն ամբողջությամբ բեկանելու համար:

«Ուստի, կարևորելով այդ հանգամանքների և փաստերի պարզումն ու այդ նպատակով ապացույցների ձեռքբերումը, հետազոտումն ու գնահատումը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Արթուր Բեգլարյանի բողոքը պետք է բավարարել` վճիռը բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` այս որոշմամբ արտահայտված դիրքորոշման շրջանակներում նոր քննություն իրականացնելու համար, քանի որ 28.02.2020թ. Արթուր Բեգլարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի իրավաչափությանը վերաբերող հայցադիմումում ներկայացված բոլոր հիմք-հիմնավորումները կարող են քննության առարկա դառնալ միայն գործի ըստ էության քննության ընթացքում»,- արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

Արթուր Բեգլարյանի պաշտոնից ազատմանը նախորդել էին մի շարք դրվագներ․ մասնավորապես՝ Վիգեն Ավետիսյանը ծառայողական քննություն էր նշանակել Արթուր Բեգլարյանի նկատմամբ, որպեսզի պարզեն, թե ինչու «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված հողային աշխատանքները չեն արձանագրվել այդ ժամանակ ստուգումներ իրականացնող տեսչական խմբի կողմից, որը ղեկավարել է Արթուր Բեգլարյանը։ Վերջինս էլ պնդել է, որ իրենց ստուգաթերթում այդ փաստն արձանագրող համապատասխան հարցադրում կամ ձևաչափ չկար։

Արթուր Բեգլարյանի դիմումի հիման վրա էլ քրեական գործ էր հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Արթուր Բեգլարյանն իրավապահներին հայտնել էր, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ են կատարել, հայտնաբերել են ապօրինի հատված 257 ծառ, բուսական աշխարհին պատճառված 28 մլն դրամի չափով վնաս։ Վիգեն Ավետիսյանն այս ակտում նշված իրավախախտումները չի ուղարկել իրավապահներին՝ ընթացք տալու համար։

Արթուր Բեգլարյանը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը դեռ ընթանում է։ Վերջինիս կարծիքով, քրեական գործի հանգուցալուծման համար կարևոր է նաև դատարանի վերջնական որոշումը, ինչի պատճառով ձգձգվում է նաև քրեական գործի քննությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter