HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Այս պահին 1245 երեխա, անվտանգությունից ելնելով, դպրոց չի հաճախում»․ Գեղարքունիքի մարզպետ

Սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լրջորեն վնասվել են մի շարք քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ։

Զոհվել է 4 քաղաքացիական անձ, 6-ը վիրավորվել է, իսկ մեկը համարվում է անհետ կորած։ Վնասվել են 192 բնակելի տներ, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։ Հրդեհվել է ընդհանուր 120 հա գարու, ցորենի տարածքներ և խոտհարք։ Վնասվել են վարչական շենքեր, ճանապարհներ, էլեկտրագծեր և այլ կարևոր օբյեկտներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիսում սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և դեսպանատան ներկայացուցիչներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը։

Սանոսյանի խոսքով՝ Ադրբեջանի հարձակման ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել։ 

«Հռթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, իսկ մեր երկրից Իրան մեծ քանակի էլեկտրաէներգիա է արտահանվում։ Հնարավոր էր կարծել, որ պատահականություն է տեղի ունեցել, բայց դրանից հետո 12 ժամ մեր մասնագետներին թույլ չտվեցին մոտենալ ու վերականգնել վնասված գիծը։ Հենց որ մոտենում էին, հայտնվում էին կրակահերթի տակ։ Հոսանքի այդ ավելցուկի պատճառով ստիպված էինք իջեցնել ատոմակայանի հզորությունը՝ հասցնելով 50 տոկոսի»,- ասում է նախարարը։

Ռազմական գործողությունների ժամանակ թիրախավորվել էր նաև Կեչուտի ջրամբարը, արկերը ընկել էին ջրի մեջ և վնաս չէր հասցվել․ «Հասկանում ենք, թե ինչ տեղի կունենար, եթե արկերը հարավծեին ջրամբարի պատվարին։ Ընդ որում, տարվա այս սեզոնին ջրամբարը մինչև վերջ լցված է, ու պարզ է, թե հետևանքները որքան ծանր կլինեին»,- դեսպանների հետ հանդիպմանը ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ երեք մարզպետարանների և համայնքապետարանների հետ միասին փորձել են հասկանալ՝ ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, քանի մարդ է տեղահանվել և ինչ կարիքներ ունեն նրանք։ Սանոսյանն ասում է, որ անելիքները բաժանել են երկու մասի՝ հրատապ խնդիրներ և երկարաժամկետ խնդիրներ։ Էլեկտրամատակարարման, գազամատակարաարման հարցն արդեն լուծված է, իսկ մյուս խնդիրների մասով կան տարբեր աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են ստեղծված պատկերը։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ միայն Սոթք բնակավայրում վնասվել է 148 տուն։ Կարիքներն արդեն գնահատված են, և առաջիկա օրերին բնակիչներին փոխանցումները կարվեն, որպեսզի սկսեն իրենց տների վերականգնման աշխատանքները։ 

«Այդ օրերին ռմբակոծման հետևանքով 12 բնակավայրերում նաև Ճամբարակ համայնքում դպրոց չեն հաճախել 7072 աշակերտ, այս պահին 12 դպրոցներում դասապրոցեսներ չեն իրականացվում։ Անվտանգության խնդիրները նկատի ունենալով՝ 1245 աշակերտ դպրոց չի հաճախում։ Ուսուցումը կատարվում է հեռավար»,-ասաց մարզպետը։

Ներկա պահին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում գտնվելը ազդում է նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա։ Ըստ Սարգսյանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մոտ 3000 հա ցանքատարածություն չի մշակվել։ Կա նաև վտանգ, որ արդեն մշակված ցանքատարածություններում բերքահավաքը կկատարվի դժվարությամբ։

«Ռազմական գործողությունների հետևանքով 3 օր չի աշխատել նաև Սոթքի ոսկու հանքը, իսկ այս պահին աշխատում է միայն 40 տոկոսով։ Կարող եմ ասել, որ տվյալ պահի դրությամբ կարողանում ենք ապահովել աշխատակիցների անվտանգությունը»,- նշեց մարզպետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter