HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Ցավոք, դեռ ոչ բոլոր զինծառայողների աճյուններն ենք կարողացել դուրս բերել»․ ԳՇ պետի տեղակալ

Վարդենիսում սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական անձանց հետ հանդիպման ժամանակ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյան ասաց, որ 2020թ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո սեպտեմբերի 13-ի հարձակումը Ադրբեջանի արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է Հայաստանի բնակեցված շրջանների դեմ։ Նպատակը մեկն է՝ ստիպել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը լքել իրենց տները։

ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ հարձակման հետևանքով ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկում։ Գեղարքունիքում լուրջ կորուստներ չեն եղել, հակառակորդին հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել։

«Այդ դիրքերը կարևոր էին ոչ այնքան մարտավարական, որքան ռազմավարական տեսանկյունից, քանի որ անմիջապես բնակավայրերի վրա են կախված։ Հակառակորդը որոշակի վերահսկողություն է սահմանում մեր ճանապարհների վրա, իր ներկայությամբ բարոյապես և հոգեպես ճնշում մոտակա գյուղերի բնակչությանը»,-ասում է Առաքել Մարտիկյանը։

Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ուժերին հաջողվել է գրավել միայն այն մարտական դիրքերը, որտեղ մինչև վերջ կանգնել և զոհվել են մեր զինվորները։ Այդ դիրքերում եղել են միայն զոհված կամ ծանր վիրավորում ստացած զինծառայողներ, որոնց հետ թշնամին վարվել է ամենավերջին վայրագ ձևով։

«Այսօր մենք գիտենք, թե որտեղ քանի մարմին ունենք, ու դա մեր ցավոտ տեղն է։ Այն, որ ադրբեջանական կողմը հայտարարեց իբրև հումանիտար զինադադար, ինչը նախատեսում է աճյունների և վիրավորների դուրսբերում, տեղի չունեցավ։ Ամեն անգամ, երբ փորձում ենք մոտենալ՝ մարմինները դուրս բերելու, հանդիպում ենք հակառակորդի ուժեղ կրակահերթի»,-ասում է պետի տեղակալը։

Անդրադառնալով Ադրբեջանի կիրառած զինամթերքի ոչնչացմանը՝ Մարտիկյանն ասաց, որ Գեղարքունիքում, քանի որ համեմատաբար ավելի թեթև էր, վնասազերծման աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ Ջերմուկում դեռ շարունակվում են։ Որոշները, քանի որ հեռու են բնակվայրերից, մոտակա օրերին կոչնչացվեն հենց տեղում։ «Ամեն ինչ պիտի անենք, որ մինչև ձմեռ այս հարցը լուծենք, ականազերծենք դաշտերը և զինված ուժերին նախապատրաստենք ձմռանը»,-նշեց Մարտիկյանը։

Դիրքային վերջին փոփոխություններից հետո հայկական և ադրբեջանական մարտական դիրքերը բավականին մոտեցել են։ Այս առումով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նման դեպքում մեծանում է նաև տեղային բախումների ռիսկը, և հայկական կողմը բազմիցս առաջարկել է զորքերի հայելային հետքաշում։

«Մենք մշտապես սպասում ենք սադրանքների, հետևաբար նաև պատրաստվում ենք։ Մեր գործողություններով պարբերաբար հակազդում ենք, թույլ չենք տալիս որ ամրաշինական աշխատանքեր կատարեն, առաջ գան, չենք թողնում տեխնիկայի շարժ, չենք թողնում շինանյութ։ Ամեն բան պիտի անենք որ հակառակորդը այդ դիրքերում չամրանա»,-ասում է ԳՇ պետի տեղակալը։

Կորսված դիրքերի հստակ քանակական տվյալների վերաբերյալ Առաքել Մարտիկյանը չցանկացավ տեղեկություն տրամադրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter