
Վկայություն՝ «Փակ շուկայի» սպանության գործով
Անցած ամռանը ծանոթներիցս մեկն ասաց․ «Անի, ժուռնալիստ ես, կիմանաս, էդ Փակ շուկան Երեւան սիթի՞ են դարձնում»։ Պատասխանեցի, որ չգիտեմ, իսկ ինքը ո՞րտեղից է լսել դրա մասին։ «Մորաքրոջս աղջիկը պրոսպեկտի էն փոքր «Սիթիում» էր աշխատում, էդ «Սիթին» փակել են, իրենց էլ գործից հանել, ասել են սպասեք՝ հեսա Փակ շուկայի տեղը մեեեծ «Սիթի» ենք սարքելու, նորից գործի ընդունենք ձեզ երկու տարուց»,-պատասխանեց ծանոթս։
Այդ ժամանակ դեռ Ծառուկյան-Ալեքսանյան գործարքի մասին որեւէ խոսակցություն չկար։ Ներքին բնազդով միանգամից հավատացի ծանոթուհուս խոսքերին ու գնացի Փակ շուկա։ Շուկայի առեւտրականները հաստատեցին․ «Հա, Սամվել Ալեքսանյանն ա գնել շուկան, մեր նոր շեֆն էլ եկել-ասել ա, որ հունվարի մեկից պետք ա դուրս գանք, շինարարություն են սկսելու, շուկան վերանորոգելու են ու նորից մեզ հետ կանչեն»,- ասում էր առեւտրականներից մեկը, ում ձայնագրությունը մինչ այժմ ունեմ հեռախոսիս մեջ։
Առեւտրականներին, իհարկե, դժվար եղավ դրդելը, որ ասեն այն, ինչ զգում են։ Նրանք վախի մթնոլորտում էին գտնվում։ Հարցիս, թե համոզվա՞ծ են արդյոք, որ շուկան ընդամենը վերանորոգման նպատակով է շինարարության առնվում ու հավատո՞ւմ են, արդյոք, որ վերադառնալու են հետ, նրանք պատասխանում էին․ «Դե որ ասում են, կանեն էլի․․․ դե շեֆն ասել ա ժուռնալիստների հետ չխոսենք՝ առանց իր ներկայության․․․»։
Երրորդ այցիս ընթացքում, երբ առեւտրականների վրա սահմանված ժամկետին մնացել էր 15 օր, ստացա նրանց անկեղծ պատասխանը․ «Տո մենք լավ էլ գիտենք, որ մեր գլխին խաղ են խաղում։ Խնդրում ենք, գոնե դուք իրենց ասեք՝ թողնեն գոնե մինչեւ մարտ ամիսը մնանք, հետո դուրս կգանք։ Առեւտուրը հենց էդ նոր տարվա օրերին ա լինում, շեֆը մեզ ասում ա՝ դեկտեմբերի 31-ից վեշներդ հավաքեք»,- ասում էր կանանցից մեկը, ով բազմազավակ ընտանիքի միակ կերակրողն էր։
Չորրորդ այցիս ժամանակ ինքս ականատես եղա, թե ինչպես է հաստ ոսկե շղթան վզին՝ մշակութային հուշարձան հանդիսացող «Փակ շուկայի» տնօրենը՝ նույն ինքը «շեֆը» առեւտրականների շարքերում պտտվում ու ասում․ «Դեկտեմբերի 31-ն էլ ձեզ նոր տարվա նվեր, ամսի մեկին ստեղ վեշ-մեշ չերեւա»։
Չդիմացա, մոտեցա ու ասացի․ «Իսկ շուկան ձեզ ո՞վ է նվեր տվել, որ դուք էլ մարդկանց եք նվիրում»։ «Դու ո՞վ ես»,- կիսազարմացած ու «բազար անողի» դեմքի արտահայտությամբ նայեց վրաս։ Ներկայացա, որ լրագրող եմ, ցույց տվեցի փաստաթուղթս ու պահանջեցի պատասխանել հարցերիս։ Ուղեկցեց ինձ իր աշխատասենյակ՝ ասելով․ «Ստեղ չենք խոսի, արի գնանք վերեւում խոսենք, տեսնենք՝ ինչ է եղել»։
«Գնա, ես քո ոչ մի հարցին էլ չեմ պատասխանելու, սրան տեսեք, կարո՞ղ ա հարկայինից ես եկել ՀԴՄ-ներս ես ստուգում, էդ ի՞նչ հարցեր ես տալիս»,- վերեւում այսպես պատասխանեց «շեֆը» հարցերիս՝ նշելով, որ ինքն անանուն է ու ոչ մի կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ։
Առեւտրականներն ինձ դեռ վաղուց էին պատմել, որ երբ ժուռնալիստ է գալիս շուկա, «շեֆը» նրան տանում է վերեւ ու համաձայնության գալիս հետը։ Չնայած շատ էի կատաղած իրողությունների վրա, բայց չգրեցի այդ մասին։ Շարունակում էի այցել «Փակ շուկա»։
Վերջին այցելությունս հունվարի 11-ին էր։ Արդեն փակված «Փակ շուկայի» տարածքն էի զննում, երբ նկատեցի Սամվել Ալեքսանյանին, «շեֆին» եւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին ու օպերատորին։ Եկել էին ներկայացում խաղալու։ «Շեֆն» իր շեֆի հրահանգով խոսում էր «Արմենիայի» տեսխցիկի առջեւ՝ պատմելով, թե ինչ լավ պլաններ ունեն շուկան վերանորոգելու հետ կապված։ Այդ ժամանակ ինձ արդեն պարզ դարձավ, թե «շեֆն» ում հարցերին է պատասխանում իրականում։
Մոտեցա Սամվել Ալեքսանյանին, ում հետ հարցազրույցը կարդացեք այստեղ։ Ընդամենը 4 ամիս առաջ Սամվել Ալեքսանյանն անմեղ հայացքով հաստատում էր, որ շուկայի պատմամշակութային նշանակությունը որեւէ կերպ չի վնասվելու։ Նշում էր նաեւ, որ շուկան պետք է հարմարավետ դարձնել ջիպավորների համար։ Ի դեպ՝ «շեֆիկը», տեսնելով, որ խոսում եմ իր շեֆի հետ, սկսեց շողոքորթել ու աչքերով աղերսել, որ իր պահվածքի մասին հանկարծ չպատմեմ Ալեքսանյանին։ Դե, ես չէի էլ պատմելու։
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալություն կատարած բազմաթիվ այցերս նույնպես արդյունք չտվին։ Ծանոթ ակտիվիստներից մեկը, ում հնարավոր է տեսնել գրեթե բոլոր ընդդիմադիր, բնապահպանական հավաքների ժամանակ, աշխատում է գործակալության Երեւանի տարածքային բաժնում։ Երբ մի քանի անգամ նշեցի, որ շուկայի պատմամշակութային տեսքը խաթարվում է, ասաց՝ էդպիսի բան չկա ու կախեց գլուխը։
Այսօր արդեն հավաքվել ենք «Ֆեյսբուքում»՝ «Փակ շուկայի» թաղման արարողությանը։ Իսկ ուզո՞ւմ եք իմանալ շուկան սպանողներին՝ ծանոթս, իր մորքուրի աղջիկը, բազմազավակ ընտանիք կերակրող կինը, 25-ից ավել առեւտրականները, վերեւում համաձայնության եկող ժուռնալիստները, «Արմենիայի» էն հայտնի լրագրողը (ում անունը միայն չհիշելու պատճառով չեմ տալիս), ծանոթ ակտիվիստ ազատականը ու նրանք, ովքեր ինքնակամ կճանաչեն իրենց մեղքը։
Իսկ այ Սամվել Ալեքսանյանների բախտը բերել է․ արդեն սպանված ավարը հոշոտելու համար շատ խելք պետք չէ։
Հ․Գ․ եթե ցավի զգացում ունեք, ուրեմն դեռ հույս կա
Տես` sard.hetq.am-ում:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել