HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հաստատում է. Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել Լիման քաղաքը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական զորքերը նահանջել են Լիման քաղաքից։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Շրջափակման սպառնալիքի ստեղծման հետ կապված միութենական զորքերը հետ են քաշվել Կարմիր Լիմանից (խմբ. քաղաքի ռուսական անվանումը) առավել նպաստավոր դիրքեր»,- նշվում է ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրոթյան մեջ։

Ավելի վաղ, Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Լիմանի մոտ ազատագրել են 5 բնակավայր և այդ ուղղությամբ շրջափակել ռուսաստանցի զինվորականներին։ «Լիմանի շրջանում ռուսական խմբավորումը շրջափակված է։ Յամպոլ, Նովոսելովկա, Շանդրիգոլովո, Դրոբիշևո, Ստավկի բնակավայրերն ազատագրված են, այնտեղ շարունակվում են ստաբիլիզացիոն գործողությունները»,- հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին։

Ավելի ուշ, համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ուկրաինացի զինվորականներն Ուկրաինայի դրոշը բարձրացնում Լիմանի մոտ։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել էր, որ Լիմանում մնացած զինվորականներն իրենց հրամանատարությունից Լիմանից նահանջի թույլտվություն էին խնդրել, սակայն մերժվել էին։ Նա նաև նշել է, որ բնակավայրից ռուսաստանցիները չեն կարողանա հանգիստ դուրս գալ, քանի որ կտրվել են նրանց սնուցման բոլոր գծերը։

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն չէր հայտնել Լիմանի շրջափակման մասին, սակայն նախօրեին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ ռուսական բանակը կորցրել է վերահսկողությունը Ուկրաինայի Դոնեցկի մարզի Յամպոլ և Դրոբիշևո բնակավայրերի նկատմամբ։ «Կարմիր Լիմանի մասով նորությունները մտահոգիչ են։ Ներկայումս Կարմիր Լիմանը կիսաօղակի մեջ է, Սվատովոյից ճանապարհը մեր վերահսկողության տակ է, սակայն պարբերաբար ընկնում է գնդակոծության տակ։ Մշտապես առկա են դիվերսիոն-հետախուզական խմբեր։ Յամպոլը և Դրոբիշևոն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս են»,- հայտնել էր Պուշիլինը։ 

Մինչ այդ, ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հայտնել էր, որ ուկրաինական ուժերը, հավանաբար, 72 ժամվա ընթացքում իրենց վերահսկողության տակ կվերադարձնեն Լիման քաղաքը, քանի որ գրեթե ամբողջությամբ շրջափակել են քաղաքը։

Լուսանկարը՝ YASUYOSHI CHIBA/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter