
Բերդի համայնքապետի տեղակալը հացադուլ է հայտարարել
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին Սամվել Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վերջինիս տեղափոխել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ հոկտեմբերի 1-ից Ս. Հովսեփյանը հացադուլ է հայտարարել:
Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Պաշտպանի փոխանցմամբ` հացադուլը բողոքի նշան է, քանի որ ոչ թե ուղղակի համաձայն չեն մեղադրանքի, կալանքի որոշման հետ, այլ Հովսեփյանի հետ կատարվածն իրավունքների կոպտագույն խախտում է:
«Այս օրերին ինչ կատարվում է իր հետ, օրինականության, օրենքի հետ առհասարակ ոչ մի կապ չունի: Առնվազն իրավաբանության հետ որևէ կապ չկա»,- ասում է պաշտպան Սաղոյանը:
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, 8 մարզի 17 համայնքում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Բերդ համայնքում նույնպես կայացել են ընտրություններ, որոնց մասնակցում էր երեք քաղաքական ուժ:
Առավելագույն քվեներ ստացել է «Զորավար Համայնք» դաշինքը` 5 683 ձայն, երկրորդ տեղում ՔՊ-ն է`4 297 ձայն, երրորդում՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը` ստացած 1 095 քվեով:
Գլխավոր լուսանկարում` Սամվել Հովսեփյանը
Մեկնաբանել