
Փաշինյան. «Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում նշեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչել է Վարդան Օսկանյանի՝ արտաքին գործերի նախարար եղած տարիների Հայաստանի գործող իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ` այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Վարչապետը նշեց, որ այդ թեմայով մեկ ժամանոց ելույթ է ունեցել, որին հակադարձում չի եղել, որևէ մեկը չի հայտարարել, որ այդպես չէ:
«Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել: Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ և Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի գործողությունները չի կարողացել հաղթահարել: Մինչև այսօր չի կարողացել հաղթահարել: Մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները մենք երբևէ չկարողանանք հաղթահարել: Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները»,-ասում է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանարչել Արցախը Ադրբեջանի մաս, այլ 2007թ. Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել:
Վարչապետը նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:
Վարչապետը վրիպեց և Ղարաբաի փոխարեն հայտարարեց, թե Հայաստանն են ճանաչել Ադրբեջանի մաս: Սակայն նշեց, որ հնարավոր է իր ասածը լեզվի սայթաքում չէ և «ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասացի»:
«Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, և Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են, որպես իշխանություն ստանձնելու նախապայման»,- ասում է Ն. Փաշինյանը: Նրա խոսքով` Ռովբերտ Քոչարյանն էլ իշխանությունը ստանձնելու նախապայմանով Ղարաբաղը դուրս է թողել բանակցություններից` դրանով դնելով անկյունաքարը` Ստամբուլյան խարտիան ստորագրելու համար:
Նիկոլ Փաշինյանի ասելով՝ այն թուղթը, որ բանակցային սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով և բանաձևերով գնահատենք, եղել է կապիտուլյացիայի թուղթ:
«Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»,-ասում է Նիկոլ Փաշինյանը` հայտարարելվ, որ գնալու է խաղաղության օրակարգի ճանապարհով:
Մեկնաբանել